«Փողոց դուրս կգանք, քարոզչական ակցիաներ կիրականացնենք»․ Սուրենյանցը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հանրահավաք էր կազմակերպել, ինչով էլ պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ArmLur.am-ը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ նորություններ ունի կուսակցությունը առաջիկայում և ի՞նչ է սպասվում։

Մեզ հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ կազմակերպել են 2 հանրահավաք, 4 դահլիճային հանդիպում և հաջորդ շաբաթվա վերջին էլ պատրաստվում են կլոր սեղան կազմակերպել։

«Մենք երկու հանրահավաք ենք արել, չորս դահլիճային հանդիպում, մյուս շաբաթվա վերջին պատրաստվում ենք կլոր սեղան անել, բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հրավիրված են լինելու քննարկմանը։ Նպատակն է՝ միասնական օրակարգ, որտեղ սեղանի շուրջ քննարկումներ են»,- ասաց Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով՝ հասարակության հետ շփումը ցույց է տվել, որ ընդդիմության կոնսոլիդացիայի թեման կամ նոր առաջնորդության ստեղծման թեման ակտուալ է հասարակության համար և իրենք իրենց բոլոր գործընկերների հետ այդ քննարկումն են ունենալու։

«Քննարկումը լինելու է հենց Տավուշի թեմաների համատեքստում, որովհետև մեզ համար պարզ է, որ ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը պետք է գնա իմփիչմենթի կամ վայր դնի մանդատները»,- ասաց քաղաքագետը։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք առաջիկայում սպասվում են ինչ-որ հանրահավաքներ, բողոքի և/կամ իրազեկման ակցիաներ, ինչին ի պատասխան Սուրենյանցն ասաց․

«Շաբաթ օրը անցկացրել ենք նման հանրահավաք Ազնավուրի հրապարակում, մյուս շաբաթվանից քարոզչական փոքր երթեր ենք ուզում կազմակերպել Երևանի փողոցներում, շենքերի բակերում»։

Հարցին՝ արդյո՞ք եղել են Տավուշում և պատրաստվո՞ւմ են գնալ Տավուշ, քաղաքագետը, եզրափակելով զրույցը, ասաց․

«Ես՝ ոչ, կուսակցական ընկերներս՝ այո։ Առաջիկայում ես էլ եմ գնալու Տավուշ»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս