Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը: Այս օրը, ըստ ավանդության, հողը հանգստանում է: Չի կարելի անհանգստացնել հողին՝ վարել, ցանել, փորել: Տարբեր ազգերի մոտ կատարվում են ծիսակատարություններ: Հողն օրհնվում է և փառաբանվում:
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ:
Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:
ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. 1 շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով (0,4 հա) ՀՀ-ն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀՀ-ում, խոշորագույն վտանգ է հողերի անապատացումը, որի գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում): Հաշվարկված է, որ անապատացումն ընդգրկել է 900 մլն հա և սպառնում է ևս 300 մլն հա տարածքների (այս տարածքը կազմում է հողային ֆոնդի 7 %-ը):