ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:

Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձեւերը։
Վերապատրաստման չափորոշչով՝ յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձեւի մասով սահմանվել են հետեւյալ չորս մակարդակները.

1. ՏԱՐՐԱԿԱՆ – երբ ուսուցիչը գիտի եւ հիմնականում կարողանում է դրսեւորել անհրաժեշտ կարողություններ։
2. ՁԵՌՆԱՀԱՍՈՒԹՅԱՆ – այս մակարդակն իր մեջ ներառում է նաեւ տարրական մակարդակը. ուսուցիչը գիտի, կիրառում է իր գիտելիքն ու հմտությունները եւ ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, դրսեւորել նշված կարողությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության։
3. ՏԻՐԱՊԵՏՄԱՆ – ուսուցիչը կարողանում է նաեւ աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրեւ վերապատրաստող, մենթոր։
4. ՓՈՐՁԱԳԵՏԻ – ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման եւ ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։
Յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ուսուցիչը պետք է տիրապետի նաեւ նախորդների վերջնարդյունքներին։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստումներն իրականացվում են առկա կամ հիբրիդ կամ հեռավար եղանակով։ Կազմակերպվող ծրագրի իրականացման համար սահմանվում են հետեւյալ նորմատիվային ծավալները (ակադեմիական ժամ)՝
ա) տարրական եւ ձեռնահասության մակարդակներ՝ 228 ժամ, որից 90 ժամը հատկացված է առարկայական գիտելիքների զարգացմանը։
բ) տիրապետման մակարդակ՝ 72 ժամ։
գ) փորձագետի մակարդակ՝ 36 ժամ։
Տարրական եւ ձեռնահասության մակարդակներին համապատասխան իրականացվում է մեկ վերապատրաստում, տիրապետման եւ փորձագետի մակարդակներին համապատասխան՝ առանձին վերապատրաստումներ։
Ուսուցիչն ինքնագնահատման միջոցով որոշում է, թե վերապատրաստման յուրաքանչյուր բաժնից որ մակարդակի վերապատրաստմանն է ցանկանում մասնակցել։ Ուսուցչին գնահատում է նաեւ տնօրենը, եւ արդյունքում ձեւավորվում է ուսուցչի կարիքը՝ ըստ բաժինների։ Գնահատումն իրականացվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
Տնօրենի եւ ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը:
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։
Վերապատրաստող կազմակերպություններն ինքնուրույն են որոշում այն բաժինը (ները), վերապատրաստման մակարդակը եւ եղանակը, որի վերապատրաստումը ցանկանում են իրականացնել։
Մինչեւ վերապատրաստվողի դպրոցի հետ վերապատրաստման պայմանագիր կնքելը կազմակերպությունը դիմող ուսուցչի համար կազմակերպում է վերապատրաստման մակարդակին վերապատրաստվողի համապատասխանության հայտորոշիչ գրավոր ստուգում։ Այն կազմակերպվում է տիրապետման եւ փորձագետի մակարդակների ժամանակ՝ տվյալ մակարդակին նախորդող մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան։
Տարրական եւ ձեռնահասության մակարդակների վերապատրաստումից առաջ հայտորոշիչ աշխատանք չի իրականացվում։
Տիրապետման մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է ձեռնահասության մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։
Փորձագետի մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է տիրապետման մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։
Եթե վերապատրաստվողը չունի նախորդ մակարդակին համապատասխան գիտելիքներ, ապա վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին չի ընդգրկում վերապատրաստվողների ցուցակում եւ չի կնքում համապատասխան պայմանագիր դպրոցի հետ։
Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը չի իրականացնում վերապատրաստվողների գիտելիքների ամփոփիչ ստուգում։
Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին տալիս է տեղեկանք վերապատրաստման տեւողության, վերապատրաստվողի բացակայությունների եւ վերջնարդյունքներին համապատասխան կարողությունների զարգացման մասին։
Վերապատրաստման ավարտից հետո նախարարության կողմից իրականացվում է վերապատրաստվածների ամփոփիչ արտաքին գնահատում։
Ամփոփիչ արտաքին գնահատման արդյունքների եւ վերապատրաստման մասին վերապատրաստող կազմակերպության տեղեկանքի հիման վրա վերապատրաստվողը ստանում է համապատասխան կրեդիտ։
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցը եւ տեսաբացատրությունը հետեւյալ հղմամբ:

«ԿՈՆՎԵՐՍ» ԲԱՆԿԸ՝ ՎԶԵԲ ՀՈՎԱՆԱՎՈՐ
«Կոնվերս» բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի տարածաշրջանի երկրներին ՎԶԵԲ աջակցությունը անընդհատ փոփոխվող միջավայրի պայմաններում եւ համատեղ ուժերով շոշափելի արդյունքի հասնելու հեռանկարները:

Փորձագետները, բիզնես առաջնորդներն եւ ՎԶԵԲ անդամները մտքեր կփոխանակեն մակրոտնտեսական միջավայրին, կայուն զարգացմանը, ներառական տնտեսությանը, թվայնացմանն եւ տեխնոլոգիաներին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ:
«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք: Մեզ համար պատիվ է լինել մաս այս կարեւորագույն միջոցառման, որտեղ քննարկվելու են Բանկի համար սկզբունքային թեմաներ: Կոնվերս Բանկի ռազմավարական կարեւորագույն ուղղություններից եւ գործունեության սկզբունքներից են կայուն զարգացումը, կանաչ ֆինանսավորումը, թվայնացումն ու ֆինանսների հասանելիությունը հնարավորինս լայն խմբերի»,-ասել է Ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Միջոցառման շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կկայանա կապիտալի շուկաների զարգացման ներկա միտումներին եւ մարտահրավերներին նվիրված պանելային քննարկում, որին կմասնակցեն նաեւ ՀՀ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային գործընկերներ:

ԱԶԲ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում եւ ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաեւ ընդգծել է Ասիական զարգացման հիմնադրամ -14 համալրմանը (2025-2028) որպես դոնոր միանալու ՀՀ որոշումը:
Ֆինանսների նախարարն իր ելույթում անդրադարձել է նաեւ այնպիսի խնդիրների եւ մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունների վտանգը, տնտեսական հեռանկարների անորոշությունը, աշխարհաքաղաքական մի շարք իրավիճակներ եւ այլն: Ըստ նրա՝ այս մարտահրավերներն ընդգծում են միասնական գործողությունների եւ նորարարական գործընկերության անհրաժեշտությունը:
Նախարար Հովհաննիսյանը հատուկ անդրադարձ է կատարել «Միջին միջանցք» նախաձեռնությանը: Աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում սովորական առեւտրային ուղիները բախվում են մարտահրավերների: Այս համատեքստում Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան հանդիսանում են կարեւոր այլընտրանքային առեւտրային ուղիներ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Նա ընդգծել է, որ Հայաստանը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը կարող է ոչ միայն լրացնել Միջին միջանցքը, այլեւ նպաստել տարածաշրջանային երկխոսությանը եւ երկարաժամկետ խաղաղություն բերել տարածաշրջանին։ Ստեղծելով լրացուցիչ տրանսպորտային ուղիներ՝ կարելի է բարձրացնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը եւ բացել աճի հսկայական ներուժը, որը խոչընդոտվել է տարիների հակամարտությունների պատճառով:
««Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը, որն իրականացվում է ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ, այս նախաձեռնության կարեւոր բաղադրիչն է, եւ ես հուսով եմ, որ մենք շուտով համաձայնագիր կստորագրենք ԱԶԲ-ի հետ Հարավային հատվածի շինարարությունը սկսելու համար», – ամփոփել է նախարարը:




Լրահոս