ԿԳՄՍ փոխնախարարը ձախողել է միջոցառումը, որի համար վճարվել էր 42 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ստացվեց, որ ԿԳՄՍ նախարարի թեթև ձեռքով 42 մլն դրամ արժողությամբ միջոցառումը ձախողվեց ՝ փոխնախարար Դանիել Դանիելյանի (մշակույթի գծով) ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, հասել էր Գյումրի, որտեղ ժամը 14:00-ին մշակութային միջոցառում պիտի կայանար, սակայն ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի թեթև ձեռքով չեղարկվեց։ Տավուշի թեմի «Տա լույս» երգչախմբին չթույլատրեցին ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Բագրատ Սրբազանը ամոթանք տվեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին` հայտարարելով, որ նա դեռ ներողություն պիտի խնդրի իր պահվածքի համար։

Այսպիսով, ինչ էր իրականում պատահել․

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, տեղեկանալով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գալիս է Գյումրի․ նախ փոխել էր Գյումրիում կայանալիք միջոցառման մեկնարկի ժամը, ապա, ըստ մասնակիցների, պահանջել էր բեմն ապամոնտաժել և համերգը չեղարկել։ Համերգը կայացել է, սակայն «Տա լույս» մանկական երգչախումբն այդպես էլ չի երգել։ Փոխնախարար Դանիելյանը վիճաբանություն էր ունեցել «Տա լույս» երգչախմբի պրոդյուսեր, ուրարակիր Թովմաս Առաքելի հետ՝ նրա սքեմն անվանելով «դերյա»։ Սա փոխնախարարին ոչ հարիր պահվածք է, որը ցուցաբերել է թերևս դաստիարակչական և կրթական ուղղվածություն ունեցող նախարարության ներկայացուցիչը։ ArmLur.am-ը փորձել է Ֆրանսիայից Հայաստան եկած փոխնախարարից պատասխաններ ստանալ, թե որն է եղել նրա ագրեսիվ վարքագծի պատճառը, ինչու է փոխնախարարը արգելել ելույթ ունենալ մանկական և տաղանդավոր երգչախմբին։

ArmLur.am-ի գրավոր հարցերին ի պատասխան փոխնախարարը հայտնել է․

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և համագործակցությամբ համերգն իրականացրել է «Ազնավուր» հիմնադրամը: Միջոցառման աջակիցն էր Գյումրու համայնքապետարանը։

Համերգի սկիզբը նախատեսված էր ժամը 14:00-ին, սակայն կազմակերպական և տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ «Ազնավուր» հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված, համերգը տեղափոխվել է 1 ժամ շուտ և կայացել է ժամը 13:00-ին: Այս մասին, բնականաբար, նախապես տեղեկացվել է նաև համերգի մասնակիցներին: Համերգին նախատեսված էին Swag Kids մանկապատանեկան խմբի, եվրատեսիլյան պատվիրակներ Նարե Ղազարյանի և «Yan Girls» խմբի, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երգչախմբի, Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախմբի ելույթները: «ՏաԼույս» մանկական երգչախմբի ղեկավարը և պրոդյուսերը, սակայն, կտրականապես հրաժարվել են համերգին 1 ժամ շուտ մասնակցությունից և թույլ չեն տվել երգչախմբին ելույթ ունենալ: Այս ամենը մեզ համար անչափ ցավալի էր, քանի որ երեխաները եկել հասել էին Գյումրի, առավոտյան տեղում մասնակցել  փորձերին, տրամադրված և անհամբեր սպասում էին համերգին: Երեխաների՝ համերգին չմասնակցելու որոշումը կայացվել է բացառապես երգչախմբի ղեկավարների կողմից: Մեր կողմից որևէ խոչընդոտ չի եղել, հակառակը՝ նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի ի սկզբանե բոլոր խմբերը, այդ թվում նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախումբը, մասնակցեն հունիսմեկյան տոնական համերգին: Համերգի ավարտից հետո բեմը տեխնիկական անձնակազմի կողմից ապամոնտաժվել է, ինչը սովորական աշխատանքային գործընթաց է բոլոր նման կարգի միջոցառումների համար»։

Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել, սակայն մեդալի մյուս կողմը շրջել, կարծես թե, չի ցանկացել։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ թեև համերգը սկսվելու էր ժամը 14.00-ին, ինքը հեռախոսով հրահանգ է ստացել ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանից կազմ-պատրաստ լինել ետնաբեմում, քանի որ սկսելու են մեկ ժամ շուտ։ Թե որն է պատճառը, որևէ բացատրություն չի տրվել։ Այդ ընթացքում երգչախմբի երեխաները փոքր-ինչ փորձել են հանգստանալ, սնվել, տաղավար չլինելու պատճառով, երկու երեխայի մոտ ուշագնացություն է եղել։ Փոխնախարարին բացատրել են, որ դա անհնար է, երեխաները պետք է ֆիզիկապես պատրաստ լինեն։ Սակայն փոխնախարարն անդրդվելի է եղել, երեխաներից պահանջելով լրացուցիչ ջանքեր։ Եվ վերջնարդյունքում փոխնախարարի քմահաճույքները չկատարելու համար երեխաները ելույթից զրկվել են։

ArmLur.am-ը փոխնախարարաի հետ զրույցում ճշտեց, թե ինչու է «Տա լույս» երգչախմբի պրոդյուսեր, ուրարակիր Թովմաս Առաքելի սքեմն անվանել «դերյա», որին ի պատասխան փոխնախարարը խույս է տվել և միջադեպն անվանել է սադրանք․

«Այդ կարգի խոսակցություններն ուղղակի սադրանք են և կապ չունեն իրականության հետ: Ցավալի է նաև, որ շատ կարևոր նշանակություն ունեցող Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք իրականացնում ենք  մեծ պատասխանատվությամբ, որոշ շրջանակների կողմից փորձ է արվում քաղաքականացնել: Համերգը եղել է բացառապես մշակութային միջոցառում:
Վերջին երկու օրերին սոցիալական հարթակներում ընդգծված ատելության խոսք է տարածվում պետական պաշտոնյաների, միջոցառման կազմակերպիչների և հովանավորների նկատմամբ: Հնչում են անձնական վիրավորանքներ, հերյուրանքներ և կեղծ տեղեկատվություն:

Կոչ ենք անում զերծ մնալ տարաբնույթ գնահատականներ տալուց, ապատեղեկատվությունից և իրավիճակը խեղաթյուրող անհիմն «փաստեր» ներկայացնելուց»։

Փոխախարարը պատասխանում չի առանձնացրել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչու է համերգը պլանավորածից շուտ սկսել, չկա հստակ հիմնավորում ինչո՞ւ, ինչպե՞ս, որո՞նք են նման մեծ համերգի ձախողման պատճառները։
Հավելենք, որ միջոցառումը կազմակերպվել է «Ազնավուր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համագործակցության արդյունքում։ Միջոցառման կաատարման համար պայմանագիրը կնքվել էր մայիսի 5-ին, իսկ միջոցառման ընդհանուր արժեքը կազմել է 42 մլն դրամ։ Միջոցառումը նախատեսված է եղել 3 500 անձի համար։
Ինչ է սա, եթե ոչ պետական ֆինանսական միջոցների մսխում, այն դեպքում, երբ Ֆրանսիայից Հայաստան եկած փոխնախարար Դանիել Դանիելյանը ծախսում է ՀՀ սուղ պետբյուջեի միջոցները՝ խոչընդոտելով համերգի կայացմանը։

Հիշեցնենք, որ խոսքը նույն փոխնախարար Դանիելյանի մասին է, որը ուսանողներին հորդորել էր չմասնակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և ասել՝ «ձեր գործն է ճիշտ և արդար, ո՛չ թե փողոց փակողներինը»:

Էմմա Միքայելյան

 




Լրահոս