Դարեր շարունակ Հայոց եկեղեցին համախմբել է իր զավակներին աշխարհով մեկ՝ առաջնորդելով նրանց Տիրոջ կողմից տրված պատվիրանների ճանապարհով։ Հայոց եկեղեցին եղել և մնում է մեր սրբազան ազգային ժառանգության պահապանը և հայ ինքնության պահպանման երաշխավորը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
«Թող Տերը զորացնի Հայոց եկեղեցին։ Քանզի Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը՝ հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցուն և հոգևորականությանն ուղղված անհիմն մեղադրանքներն ու ճնշումները, անընդունելի են և անհանդուրժելի։
Աստված է մեր օգնականը, և, ինչպես ասում է Առաքյալը, Նա մեզ հաղթանակ է պարգևում Քրիստոս Հիսուսով (տե՛ս Բ Կորնթացիս 2․14)»»,- ասված է Սրբազանի հայտարարության մեջ։



























