Armenian text to speach

Երեք տարում ի՞նչ ունեցվածք է «կուտակել» Դանիել Դանիելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ArmLur.am-ը գրել էր, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ Քիչ առաջ արդեն պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը:

ArmLur.am-ի տեղեկություններով իշխանությունները, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դժգոհ են եղել նրա աշխատանքից:

Այս ազատման ֆոնին մենք փորձել ենք պարզել, թե ֆինանսական և գույքային ինչպիսի ունեցվածքով նա եկավ նախարարություն և ինչով է հեռանալու պաշտոնից՝ մանրամասն դիտարկելով նրա պաշտոնավարման տարիների ունեցվածքը, ծախսերն ու ստացած եկամուտները։

Դանիել Դանիելյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի օգոստոսի 24-ին։ Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ նա արտերկրում ունեցել է միանձնյա սեփականության իրավունքով ձեռք բերված երկու միավոր անշարժ գույք, որոնք գտնվում են Ֆրանսիայում։ Դրանք են՝ բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարանը և ավտոտնակը (կամ տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), որոնք երկուսն էլ ձեռք են բերվել գնման եղանակով 2023 թվականի մարտի 3-ին։ Տրանսպորտային միջոցների բաժնում պաշտոնյան հայտարարագրել էր 2018 թվականի թողարկման «SMART» մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք էր բերվել 2022 թվականի մայիսի 6-ին՝ դարձյալ գնման եղանակով։ Պաշտոնն ստանձնելու պահին նրա դրամական միջոցները բավականին համեստ էին. բանկային հաշիվների մնացորդներում առկա էր ընդամենը 706,588 ՀՀ դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցներ կամ բանկային ավանդներ հայտարարագրում նշված չէին։ Որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ Դանիելյանը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունից ստացված 135,366 ՀՀ դրամ աշխատանքի վարձատրությունը։

Պաշտոնավարման հաջորդ տարում՝ 2024 թվականին, փոխնախարարի գույքային դրությունը որոշակի փոփոխություններ է կրել։ Թեև Ֆրանսիայում գտնվող բնակարանն ու ավտոտնակը շարունակել են մնալ նրա միանձնյա սեփականությունը և տարվա ընթացքում անշարժ գույքի նոր գործարքներ չեն կատարվել, նա օտարել է իր շարժական գույքը։ Մասնավորապես, 2024 թվականի մարտի 6-ին Դանիելյանը 14,500 եվրոյով վաճառել է իր 2018 թվականի արտադրության «SMART» մակնիշի ավտոմեքենան, որի գնորդը եղել է «Garage Prainet» ընկերությունը, և տարեվերջի դրությամբ նոր տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Այս տարվա ընթացքում նրա բանկային հաշիվների մնացորդներն աճել են՝ տարեսկզբին առկա 1,933,268 ՀՀ դրամից տարեվերջին դառնալով 6,863,012 ՀՀ դրամ։ 2024 թվականին ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 21,278,075 ՀՀ դրամ ։ Այս գումարը գոյացել է երկու աղբյուրից՝ ԿԳՄՍ նախարարությունից ստացված 14,851,095 ՀՀ դրամ աշխատավարձից և հիշյալ ավտոմեքենայի վաճառքից ստացված 14,500 եվրոյից։ Ծախսերի մասով պաշտոնյան հայտարարագրել է 2 միլիոն դրամը գերազանցող մեկ միանվագ ծախս, որը կազմել է 4,143,500 ՀՀ դրամ։

Ինչ վերաբերում է 2025 թվականի տարեկան հայտարարագրին, ապա Դանիել Դանիելյանը շարունակել է սեփականության իրավունքով տիրապետել Ֆրանսիայում գտնվող բնակարանին ու ավտոտնակին, որոնք ձեռք էին բերվել 2023 թվականի մարտի 3-ին, իսկ տրանսպորտային միջոցներ ընդհանրապես չի նշել։ Հաշվետու տարվա ընթացքում նկատվել է բանկային միջոցների հետագա աճ. տարեսկզբին հաշիվներին առկա 6,863,012 ՀՀ դրամը տարեվերջին դարձել է 9,177,945 ՀՀ դրամ։ Պաշտոնյայի եկամուտների հիմնական աղբյուրը շարունակել է մնալ նախարարությունից ստացված աշխատավարձը, որը 2025 թվականին զգալիորեն ավելացել է՝ կազմելով 18,766,960 ՀՀ դրամ։ Միևնույն ժամանակ, տարեվերջի դրությամբ նա ունեցել է վարկի մայր գումարի մնացորդ՝ 432,800 ՀՀ դրամի չափով։ Որպես տարվա ընթացքում կատարված խոշոր ծախս Դանիելյանը հայտարարագրել է վարձակալության համար վճարվող վարձավճար՝ 3,540,000 ՀՀ դրամի չափով, իսկ այլ էական ծախսեր, ինչպիսիք են ուղևորությունները, ուսման վարձը կամ թանկարժեք գույքի ձեռքբերումը, նշված չեն եղել։

Ամփոփելով և համադրելով պաշտոնավարման տարիների տվյալները՝ հստակ երևում է, թե որքան են աճել պաշտոնյայի եկամուտներն ու դրամական միջոցները։ Նրա դրամական միջոցները (բանկային հաշիվների մնացորդները) պաշտոնն ստանձնելու օրվա համեստ 706,588 ՀՀ դրամից 2025 թվականի տարեվերջին հասել են 9,177,945 ՀՀ դրամի, ինչը նշանակում է, որ պաշտոնավարման ընթացքում Դանիելյանի դրամական կապիտալն աճել է ուղիղ 8,471,357 ՀՀ դրամով։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա միայն նախարարությունից ստացված տարեկան աշխատավարձը 2024 թվականի 14,851,095 ՀՀ դրամից 2025 թվականին դարձել է 18,766,960 ՀՀ դրամ՝ արձանագրելով 3,915,865 ՀՀ դրամի զգալի աճ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս