ԿԱՐՄՐՈՒԿԻ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՄՊԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում կարմրուկի վարակվածության տեմպերն անհանգստացնող են։ Բերովի դեպքերից բացի, ոչ միայն ներսում են առկա ակտիվ օջախներ, այլեւ վարակվածների թիվն է ավելանում։

Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ եթե ամբողջ 2023 թվականին գրանցվել էր 545 լաբորատոր հաստատված դեպք, ապա այս տարվա ընթացքում արդեն 420 հաստատված դեպք կա։ Մասնագետը համեմատության համար նշեց, որ եթե նախորդ տարվա մարտին գրանցվել էր կարմրուկի վարակման 50, ապա 2024-ի մարտին եղավ 136 դեպք։ Ներկայում ակտիվ օջախներ կան հանրապետության բոլոր մարզերում։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Գեղարքունիքի մարզում, Կոտայքում եւ Երեւանում։ Կարմրուկ գրանցվել է տարբեր տարիքային խմբերում։ Թիրախում ինչպես երեխաներն են, այնպես էլ մեծահասակները։
«Բոլորն ասում են, որ կարմրուկը մանկական վարակիչ հիվանդություն է, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցանկացած մարդ կարող է կարմրուկով վարակվել։ Կոնկրետ կարմրուկի լաբորատոր հաստատված 250 դեպք ունեցել ենք երեխաների շրջանում եւ 170 լաբորատոր հաստատված դեպք՝ մեծահասակների շրջանում։ Այնպես որ, բոլոր տարիքային խմբերն էլ թիրախում են», – ասաց Գայանե Սահակյանը։
2022 թվականի վերջից ամբողջ աշխարհում կարմրուկի հետ կապված համաճարակային իրավիճակը սրվեց։ Հայաստանում հիվանդության տարածվածության ակտիվություն նկատվեց 2023 թվականին, երբ փետրվարին հանրապետությունում գրանցվեց «բերովի» դեպք։ Մինչ այդ, Հայաստանում տեղական դեպքերի փոխանցում չէր եղել։ Ավելին՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ Հայաստանը համարվում էր կարմրուկից էլիմինացված երկիր։ Դա նշանակում է, որ վիրուսի շրջանառություն տեղում չէր արձանագրվել։ Այսօր արդեն այլ պատկեր ունենք։ Մասնագետը ցավով նշում է, որ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի 92 տոկոսի պարագայում բուժառուները կամ չպատվաստված են կամ թերի են պատվաստված։ Վարակվածության միտումները եւս մեկ անգամ ընդգծում են պատվաստման կարեւորությունը։ Որքանո՞վ են քաղաքացիները ականջալուր մասնագետների հորդորներին։
«Այդքան էլ ականջալուր չեն, որովհետեւ հիվանդանում են այն երեխաները, որոնց ծնողները համառորեն հրաժարվում են պատվաստումներից։ 2023 թվականի մարտից, երբ երկրում համաճարակային առումով անկայուն իրավիճակ էր, անընդհատ հորդորել ենք, որ պատվաստվեն։ Ասեմ, որ շատ քչերին ենք կարողացել բերել պատվաստման»,- ասաց մասնագետը։
Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ հանրապետությունում մոտ 8000 չպատվաստված երեխա կա։ Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե կարմրուկը թեթեւ ընթացքով հիվանդություն է, սակայն մանկական-վարակաբան Անահիտ Առաքելյանը հիշեցնում է, որ դա այդպես չէ։ Հնարավոր են բարդություններ, որոնք կարող են անելանելի վիճակ ստեղծել։
«Կարմրուկի դեպքում բարդություններից առավել հաճախ հանդիպում են թոքաբորբերը, էնցեֆալիտները։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ երբեմն բարդություններն առաջանում են, երբ տանն ինքնաբուժությամբ են զբաղվում, չեն դիմում մասնագետներին։ Փոխարենը կարող են դիմել ու ստանալ համապատասխան բուժում։ Իմ հորդորն է՝ խնդիրների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել», – ասաց Անահիտ Առաքելյանը։
Մասնագետներն ընդգծում են, որ պատվաստվելը շատ կարեւոր է։ Փորձը ցույց է տալիս, որ կանխարգելիչ պատվաստումները ստանալու դեպքում 95 տոկոս եւ բարձր արդյունավետություն է գրանցվում։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԹԱՂԱԾԱԾԿ ԴԱՀԼԻՃԻ ՀՈՐԻՆՎԱԾՔԸ
Պաշտամունքային կառույցի թաղածածկ դահլիճ տիպը Արցախում, 12-13-րդ դարերում շատ տարածված հորինվածք է։ Այն երկրամասի միջնադարյան ճարտարապետական դպրոցի առանձնհատկություններից է։ Այս հորինվածքը կիրառվել է արցախյան վանքերի կազմում ներգրավված բոլոր եկեղեցիների համար («Բռի եղցի», «Օխտը եղցի», Կոշիկ անապատ, Գտչավանք եւ այլն)։ Մինչդեռ Հայաստանի մյուս ճարտարապետական դպրոցներում այն հանդիպում է մատուռներում եւ փոքր եկեղեցիներում։
Քննությամբ պարզվել է, որ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցիներին բնորոշ է ուղղանկյուն խորանի զանգվածային կիրառումը: Արցախի եկեղեցիների եւ հուշարձանախմբերի կառուցումը, ինչպես որ Հայաստանի ողջ տարածքում, իրականացվել է քարով (տուֆ, բազալտ, ֆելզիտ, կրաքար)՝ «միդիս» եղանակով, կրաշաղախի կիրառությամբ։ Օգտագործվել է ինչպես մաքուր տաշված քար, այնպես էլ՝ կոպտատաշ։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (MONUMENT WATCH)

«ՍՈՖԹԿՈՆՍՏՐԱԿՏ»-Ը ՀՀ 11-ՐԴ ԽՈՇՈՐ
ՀԱՐԿԱՏՈՒՆ Է
Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություն հանդիսացող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների քսանյակում։
2022 թվականին այն եղել է 18-րդ խոշոր հարկատուն եւ առաջինը՝ ՏՏ ընկերությունների շարքում, 2023 թվականին զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների 20-րդ հորիզոնականը եւ կրկին առաջինն էր՝ ՏՏ ընկերությունների մեջ։ Իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակում է մնալ առաջինը ՏՏ ընկերությունների շարքում որպես խոշոր հարկատու, այլեւ բարձրացել է այդ անվանացանկի 11-րդ հորիզոնական։
2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը։ Ընդ որում, պետք է նշել, որ այս ծավալը վերաբերում է գերազանցապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ընկերության կողմից իրականացված գործունեությանը։ Եթե վերոնշյալ ցուցանիշին հավելենք նաեւ խաղային արդյունաբերության ոլորտում իրականացված գործունեության արդյունքում «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ վճարած հարկերը, ապա կարելի է ասել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն զբաղեցրել է 9-րդ տեղը մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում։
Պատասխանատվություն, թափանցիկություն եւ արդյունավետ կորպորատիվ կառավարում՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գործունեությունը կառուցվում է այս կարեւորագույն սկզբունքների վրա, որոնք հետեւողականորեն ամրապնդվում են։ Հենց այս գործելաոճն է ապահովել հարկատուների ցանկում բարձր ցուցանիշի արձանագրումը, որի հիման վրա կարելի է վստահորեն պնդել՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության խոշորագույն ՏՏ ընկերությունն է, այլեւ խոշոր հարկատուներից մեկը եւ շարունակելու է ամրապնդել իր առաջատար դիրքերը։

2 ԶՈՀ` ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ
Մայիսի 26-ի ջրհեղեղի պատճառով Նոյեմբերյան համայնքի 2 բնակիչ զոհվեց։ Այդ օրը լրացավ Դեղձավան գյուղի բնակիչ Սարիբեկ Բալյանի 39-ամյակը: Իր ծննդյան տարեդարձին նա խեղդվեց Շնող գյուղի մոտ, երբ աշխատանքից տուն էր վերադառնում։ Սարիբեկը ռեստորանում մատուցող էր աշխատում։ Նա անչափահաս 2 երեխաների(տղա եւ աղջիկ) հայր էր։ Հաղթանակ գյուղի բնակիչ, 1948 թվականին ծնված Ավագ Ավագյանի դին գետից հանվել է Պտղավանի մարզադաշտի մոտ։ Ա. Ավագյանը ծննդով սահմանամերձ Ոսկեվան գյուղից էր, ապրել, արարել է Հաղթանակում։ Խորհրդային շրջանում Հայաստանում ճանաչված այգեգործական բրիգադի բրիգադավար էր։ Մայիսի 26-ի ջրհեղեղից մեծապես տուժել են Լոռու մարզի Թումանյանը, Ալավերդին, Սանահին կայարանը, Ախթալան, Ալավերդի ու Ախթալա համայնքների գյուղերը։ Ինչպե՞ս եղավ, որ Դեբեդի ներքին հոսանքում՝ Բագրատաշենում ,Դեբեդավանում, ուր տեղատարափ անձրեւներից վարարած գետի հոսքն անհամեմատ մեծ էր, կամուրջներ չքանդվեցին, մեծ ավերածություններ չեղան։ Պատճառներից հիմնականն այն է, որ ներքեւում, հովտում գետը հնարավորություն ուներ փռվելու,տարածվելու, իսկ վերին հոսանքում սեղմված լինելով նեղ հունի մեջ՝ Դեբեդը դուրս եկավ հունից եւ ավերածություններ գործեց։ Ալավերդցիները պետք է հարցնեն իրենց ՔՊ-ական համայնքապետին, թե նա ինչո՞ւ էր «Սիսիանի ԲՈՒԱՏ» ճանապարհաշինական ընկերությանը թույլատրել մեծ քանակությամբ հող լցնել Դեբեդ, որն էլ հեղեղման ժամանակ փոխեց գետի հունը եւ մեծ ավերածությունների պատճառ դարձավ: Ընդամենը մեկ տարի առաջ է պաշտոնապես շահագործման հանձնվել Ասիական բանկի վարկային միջոցներով կառուցապատված Թումանյան-Բագրատաշեն ավտոոճանապարհը, որի շինարարության համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծողները, այն կառուցողները ինչո՞ւ Թումանյանի, Ախթալայի, Ալավերդու հատվածներում ափապաշտպան ամրություններ չեն նախատեսել ու կառուցել, ո՞վ է պատասխան տալու մարդկային զոհերի, նյութական մեծ վնասների, քանդված ճանապարհի, ջրի քշած միլիանավոր դոլարների համար. թե՞ ամեն ինչ բարդելու են բնական տարերքի, ֆորս-մաժորի վրա։

ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ ՎՆԱՍՆԵՐԸ
ՄԵԾ ՉԵՆ
Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանից տեղեկացանք, որ մայիսի 27-ի առավոտից Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը բաց է։ Մի հատվածում ճանապարհը հեղեղից վնասվել է, այդ հատվածում երթեւեկը միակողմանի է։ Վարարած Դեբեդը Բագրատաշենից ծառեր է քշել-տարել. հեղեղել է գյուղի գետափնյա՝ 4-րդ փողոցի տների նկուղները։ Ս. Անտոնյանն ասաց, որ մայիսի 26-ի ջրհեղեղից Բագրատաշենը մեծ կորուստներ չունի, թեեւ հեղեղը գյուղից 4 ուլ, 20 հավ է քշել-տարել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս