ՇՏԱԲԻ ՊԵՏ ԼԻՆԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, Հովիկ Աբրահամյանը վերջապես ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Ու եթե 5 օրվա ընթացքում չփոշմանի, դիմումը հետ չվերցնի, ապա նրա նկարը եւս կհայտնվի խորհրդարանի 3-րդ հարկի միջանցքում` որպես ԱԺ` պատմության գիրկն անցած նախագահ:
Իհարկե, զավեշտալի է, որ ԱԺ նախագահի պաշտոնում 3 տարի «ձգեց» Աբրահամյանը` հաշվի առնելով նրա ինտելեկտուալ կարողությունները, անցյալն ու կենսակերպը: Բայց դե եղածը եղած է, եւ նա գոնե 3 տարվա մեջ մի քանի օրենքներ կարողացավ մի կերպ կարդալ: Հիմա պետք է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանի չուզողներն անչափ ուրախ են. 3 տարի շարունակ պայքարելով Արգամիչի դեմ` ի վերջո, «տապալեցին» նրան:
Իսկ որ ԱԺ նախագահը տապալվեց, դա աներկբա է: Նրան պարզապես գահընկեց արեցին, քանի որ պաշտոնի կորստյան գնով չեն դառնում նախընտրական շտաբի պետ: Ի վերջո, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եւս Արգամիչը շտաբի պետ էր, բայց փոխվարչապետի պաշտոնից հրաժարական չտվեց: Այնպես որ, այսօրվա հրաժարականը նշանակում է, որ նախընտրական կարեւոր շրջանին ընդառաջ` Սերժ Սարգսյանն իր կողմից ոչ այնքան վստահելի դարձած Հովիկ Աբրահամյանին զրկեց լծակներից` պաշտոնաթող անելով, որից հետո հայտարարվեց, որ հարազատ փեսան պետք է լինի Արգամիչի օգնականը: Այսինքն` անգամ իր նոր «պաշտոնում» Հովիկ Աբրահամյանին Սարգսյանը չի վստահում: Բայց այս դեպքում նույնիսկ դա չէ կարեւորը:
Կարծում ենք` ՀՀԿ-ն բավականին լուրջ քաղաքական սխալ թույլ տվեց` Հովիկ Աբրահամյանին հրապարակավ հռչակելով ՀՀԿ նախընտրական շտաբի պետ: Ինչո՞ւ, որովհետեւ խոսել արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների մասին ու դա անել Արգամիչի գլխավորությամբ, ուղղակի ծիծաղելի է: Պետք չէ մոռանալ, որ մեր երկրում տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններից մեկը գրանցվել է հենց նույն Հովիկ Աբրահամյանի` շտաբի պետ լինելու օրոք: 2008-ին էր, որ Սերժ Սարգսյանը, բոլոր առումներով պարտվելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նաեւ նույն Հովիկ Աբրահամյանի խորհրդով իրականացրեց մարտի 1-ի սպանդը: Նույն Հովիկ Աբրահամյանն էր, որ Արտաշատից Երեւան էր լցրել իր լակոտներին` թալանելու խանութները, որպեսզի դրանք բարդվեն ընդդիմության ակտիվիստների վրա: Եւ վերջապես, նույն Հովիկ Աբրահամյանն է գլխավորել այն չարաբաստիկ շտաբը, որը մարտի 1-ին որոշումներ է կայացրել ու գնդակահարել ՀՀ շարքային քաղաքացիներին ու երկու ոստիկանների: Իհարկե, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի քողարկվի եւ չիմացվի, թե ով է եղել մարտի 1-ի շտաբի պետը, ով է կառավարության շենքից հրահանգներ տվել: Բայց մարդիկ (տվյալ դեպքում պաշտոնյաները) դեռ կենդանի են եւ կարող են վկայել այդ մասին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ այս մասին գրավոր հարցեր է ուղարկել ՀՀ ԱԺ արդեն «նախկինոտ» նախագահ Հովիկ Աբրահամյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին: Իսկ լռությունն, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է:
Եւ այսքանից հետո պարզապես ծիծաղելի է, երբ Աբրահամյանը հայտարարում է. «Կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ ընտրությունների ցանկացած բացասական հետեւանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը: Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն»:
Ով, ով, բայց Հովիկ Աբրահամյանն իրավունք չունի խոսելու ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կամ դրա պատրաստակամության մասին, քանի որ նրա անցկացրած ընտրությունների հետեւանքները դեռ շարունակում ենք ազգովի քաշել: Դրանց արդյունքում է, որ այսօր Հայաստանը զրկվել է արտաքին ֆինանսական բոլոր տեսակի հոսքերից` մնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի արած պարտքերի ու վերցրած վարկերի հույսին: Հենց Արգամիչի անվան հետ են ասոցացվում բռնությունները, ծեծը կամ դրանք իրականացնողներին հովանավորելը:
Իսկ եթե այս ամենից հետո Սերժ Սարգսյանը շարունակում է Հովիկ Աբրահամյանին վստահել իր վերընտրվելու գործընթացի կազմակերպումը (թեկուզ միայն դե յուրե), նշանակում է, որ պարզապես «թոզ է փչում» հայ ժողովրդի աչքերին` խոսելով ազատության, օրինականության, արդարության եւ այլ կարեւորագույն արժեքների մասին: Նա Հովիկ Աբրահամյանից ոչնչով չի տարբերվում, ավելին, ողջունում է մարզերում խաների ներկայությունը, բռնության, վախի մթնոլորտում անցկացված ընտրությունները: Այնպես որ, պետք չէ հավատալ, որ Սերժ Սարգսյանն ընդունակ է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ իրականացնել: Այս վարչախումբն ի զորու չէ գոյատեւել առանց կեղծիքի ու զոռբայության: Եւ այսօրվանից արդեն կարելի է հայտարարել, որ 2012-ի եւ 2013-ի ընտրությունները կանցնեն էական  կեղծիքներով:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս