Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 միլիոն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ:
Այս մասին երեկ Ազգային ժողովում տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, խաղային գործունեության կարգավորման մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկման ընթացքում, ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ըստ նրա՝ սահմանվում է «խոշոր շահում» հասկացությունը, որ 5 միլիոն դրամը գերազանցող շահումն է: Առաջարկվում է 5 միլիոն դրամը գերազանցող շահման դեպքում սահմանել 10 տոկոս եկամտային հարկ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հիշեցրել է, որ խաղային ոլորտը հիմա էլ կարգավորված է, պատշաճ հարկման դաշտում է. «Այս նախագծով մենք կարգավորում ենք բուն շահումների հարկումը, որոնք գործող Հարկային օրենսգրքով համարվում են նվազեցվող եկամուտ եւ չեն հարկվում»։
Առաջարկվում է, որ շահումով խաղի կազմակերպիչը շահումից պահի եկամտային հարկը եւ փոխանցի պետական բյուջե:
Ինչ վերաբերում է մնացած բոլոր շահումներին, ապա գործում է տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանություն. «Այսինքն՝ տարվա ընթացքում կատարված բոլոր խաղադրույքների եւ ստացված շահումների դրական տարբերության առկայության դեպքում առաջարկում ենք, որ ֆիզիկական անձը տարեկան հայտարարագրով արտացոլի տվյալ դրական տարբերությունը եւ դրա նկատմամբ 5 տոկոս եկամտային հարկի դրույքաչափով վճարում կատարի պետական բյուջե»։
Բաբկեն Թունյանն ամփոփեց՝ խոշոր շահումները հարկվելու են 10 տոկոս եկամտային հարկով, հարկային գործակալը հանդիսանալու է տվյալ ընկերությունը. «Իսկ փոքր շահումները, որոնք տարվա ընթացքում կլինեն, եւ համապատասխան մարմինը կհաշվարկի զուտ շահումը, հարկվելու են 5 տոկոսով: Դրա վճարումը կատարելու է քաղաքացին իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելիս»։
Մինչեւ առաջարկվող կարգավորման ուժի մեջ մտնելը ուժի մեջ կմտնեն այլ կարգավորումներ եւս: Հայաստանում գործող տելեկոմները պետք է արգելափակեն Հայաստանում չլիցենզավորված շահումով խաղերի գործողությունը երկրում, այսինքն՝ հնարավոր չի լինի մուտք գործել այդ կայքեր, առեւտրային բանկերն էլ պետք է արգելափակեն ցանկացած վճարում ՀՀ-ում չլիցենզավորված խաղային ոլորտի կազմակերպիչներին:
Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ
Օրերս տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։
Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) նշում է, որ աշխարհում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է գորշ արջի 44 ենթապոպուլյացիա: Դրանցից շատերը փոքր են, իզոլացված եւ կարիք ունեն պահպանության, ուստի IUCN կողմից գնահատվել են առանձին-առանձին։ Այդպիսին է նաեւ սիրիական գորշ արջի ենթապոպուլյացիան, որը հանդիպում է Հայաստանում։
Ընդգծենք, որ սիրիական գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա եւ Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի եւ Արագածոտնի մարզեր:
Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչեւ 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով՝ թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին եւ փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման եւ կերային ռեսուրսների անբավարարության հետեւանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:
«ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐԸ»՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿԻ» ՀԵՏ
Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երեւանում կազմակերպվել է «Երեւանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ:
Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաեւ արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:
«Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երեւանի գինու օրեր» միջոցառման կայացմանը։ Այս փառատոնը մեր մայրաքաղաքի համար յուրահատուկ տոնի է վերածվել, որը թույլ է տալիս նաեւ ներկայացնելու մեր գործընկերոջը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը: Նմանատիպ միջոցառումներն օժանդակում են փոքր եւ միջին արտադրողներին, որպեսզի մուտք գործեն շուկա եւ իրենց արտադրանքը ներկայացնեն»,- նշել է «Ակբա» բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Անցյալ տարվա համեմատ այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի։ 2019թ.-ից Ակբա բանկը «Երեւանի գինու օրերի» կողքին է ու այդ գործընկերությունը վերածվել է ընկերության։ Մենք հասկանում ենք ինչ կարեւոր նպատակի շուրջ ենք աշխատում։ Կարող ենք ասել, որ այս համագործակցության շնորհիվ է նաեւ, որ «Երեւանի գինու օրերն» այսքան մասշտաբային են», – նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:
Հայաստանում գյուղատնտեսության, գինեգործության եւ տուրիզմի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ակբա բանկի համար:
2023թ.-ին փառատոնն ունեցել է 120.000 այցելու. ամեն տարի մասնակիցների քանակը ավելանում է շուրջ 30%-ով: «Երեւանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու են գալիս ԱՊՀ-ից, եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից եւ բազմաթիվ այլ երկրներից։
ԱՆԻՄԱՍՏ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները ահազանգում են, որ 9-րդ՝ ավարտական դասարանի քննություններից մեկում համատեղված են պատմությունը եւ գրականությունը, սարքելով անիմաստություն,խառնաշփոթ: Պատմությունը եւ գրականությունը մեծ գիտություններ են, նրանց միախառնումը միասնական քննության տեսքով դրական արդյունք չի տվել։ Նմանապես, բնագիտական առարկաներն էին նախկինում միացրել, կենսաբանության եւ ֆիզիկայի համատեղ քննության ժամանակ աշակերտը պետք է ինչ-որ նախագիծ ներկայացնի, որը պետք է զարգացնի կարծիք հայտնելու աշակերտի կարողությունները։ Տավուշի մարզի ուսուցիչները դժգոհություն հայտնեցին բարեփոխումների անվան տակ հանրակրթական համակարգը քանդելու ուղղությամբ ՔՊ-ական իշխանության քայլերից:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱԽՏՈՒՄԸ՝ ԲԵՐՔԱԲԵՐՈՒՄ
Իջեւան համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչներից տեղեկացա, որ սահմանազատման գործընթացում ադրբեջանական կողմը խաբել է, Ղզըլ Հաջիլի գյուղի մատույցներից հայկական մեկ դիրքը նահանջել է, դրա փոխարեն հայկական տարածքին մոտակա մի դիրքից ադրբեջանական զինուժը պետք է նահանջեր, սակայն չի նահանջել, մինչ այժմ էլ այնտեղ է տեղակայված: Բերքաբերի որոշ բնակիչներ էլ կարծում են, որ ոչ թե ադրբեջանական կողմն է խախտել նախնական պայմանավորվածությունը, այլ Նիկոլ Փաշինյանն է համաձայնվել միակողմանի զիջումների, սակայն Բերքաբերի բնակիչներին այդ մասին չի հայտնել, այլ գյուղացիներին խաբել է,որ ադրբեջանական զինուժը պետք է մի դիրքից նահանջի։ Ադրբեջանի հետ սահմանազատաման հետեւանքով Բերքաբերեւ գյուղը եւս մի վնաս է կրել։ Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանիից տեղեկացա, որ Բերքաբեր գյուղը տեւական ժամանակ է, ինչ զրկվել է Աճարկուտ գյուղից սկիզբ առնող խմելու ջրագծի ջրից։ 2000-2009 թվականներին Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինության ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ընկերությունը Ադրբեջանին հանձնվելիք միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը շրջանցող , Աճարկուտ գյուղ մտնող ճանապարհի սկզբնամասում, մոտ 100 մետր երկարությամբ հատվածում վնասել է Բերքաբերը սնուցող, բաց կիսախողովակով խմելու ջրատարը։ Բերքաբերի վարչական ղեկավարի խոսքերով՝ խմելու ջրագիծը հայտնվել է նոր կառուցվող ճանապարհի տարածքում, այդ պատճառով է վնասվել։ Տ. Հարությունյանը հայտնեց, որ ջրագծի վնասված հատվածի փոխարեն այլ տեղանքում կկառուցվի փակ խողովակաշար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ