Ահազանգ․ ջրի փոխարեն ծորակով օդ է գալիս․ կիզիչ շոգին ջուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Արաբկիր վարչական շրջանում խայտառակ իրավիճակ է` շուրջ 36 ժամ ջուր չի լինելու:

Դեռ վաղ առավոտից ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվում այս մասին, քանի որ այս կիզիչ տապին ջուր չլինելը առավել շատ է անհանգստացնում մարդկանց։

Չնայած նրան, որ հասցեներից նշված է միայն Արաբկիր վարչական շրջանը, որը ջրազրկված է, սակայն շատ այլ հասցեներում ևս ջուր չկա։

«Բաղրամյան պողոտայում ենք բնակվում, այնպես չի Արաբկիրի մեջ չենք մտնում, բայց այնպես է, որ մեջտեղներն ենք՝ ո՛չ Արաբկիր ենք, ո՛չ կենտրոն ենք։ Ոչ մի անգամ չի զգուշացվել, որ ջրամատակարարումը անջատվելու է։ Արդեն 3-4 շաբաթ է, ինչ ստաբիլ մեզ մոտ ջրանջատումներ են։ Օր է լինում, որ 15 ժամից ավել ջուր չենք ունենում ու շրջակայքի ջրեղենը մենք ենք գնում՝ շենքերի բնակիչներով»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում բնակվողներից մեկը։

Բնակիչը նաև նշեց, որ ջրի փոխարեն օդ է գալիս ծորակներով, իսկ ջուրը այդպես էլ երկար ժամանակ չի գալիս, ինչն էլ պատճառ է հանդիսանում ջրաչափ հաշվիչների արագ աշխատելուն։ Չնայած սրան՝ բնակիչը շեշտեց, որ զանգահարում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն ստանում է պատասխան, որ իրենց մոտ ոչ մի վթար չկա։

«Երբ զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», մեզ պատասխանում են, որ իրենց մոտ վթար չկա, վթարի մասին ինչ-որ տեղեկություն չկա։ Այնպես չի էլի, որ ջրի ճնշումը չի հասնում 5-րդ հարկ, բայց առաջին հարկում էլ ջուր չի գալիս, ախր։ Ոչ մի լուծում չեն առաջարկում։ Սկսենք այնտեղից, որ իրենք ջուրը տալիս են՝ օդ է գալիս։ Այդ ուժեղ օդը  բոլորի ջրաչափի հաշվիչները լավ պտտեցնում է։ Ծորակը բացում ենք, որ տեսնենք ջուր է գալիս, թե ոչ, այդ օդն է գալիս։ Չեմ հասկանում, ուզում են գերշահույթով հետապնդե՞ն այդ օդի հաշվին, որ ամառ օրով ավելի շատ պտտվի առանց ջրի, թե՞ ուրիշի ջրաղացին են ջուր լցնում՝ ուրիշի բիզնեսն առաջ տանելով։ Հենց ամառ օրով սկսվեց այս ամենը, որովհետև մինչ այդ այսպես չէր, լինում էր շաբաթ, որ մաքսիմում մեկ կամ երկու օր անջատում էին ջրերը, բայց կոնկրետ հիմա մենք ամեն օր ջուր չունենք։ Երեկ ջուր չենք ունեցել ժամը 5-ից մինչև ժամը 23։30։ Մեզ «Վեոլիա Ջրից» ասում են, որ ոչ մի բանից տեղյակ չեն, աշխատանքներ չկան և այլն, և այլն ու այդպես գնում կորում է։ Կա՛մ «Վեոլիա Ջուրը» պետք է զբաղվի այս խնդրով, կա՛մ քաղաքապետարանը։ Քաղաքապետարան երեկոյան էլ 6-ից հետո զանգահարում ես՝ մարդ չկա։ Ջրի օպերատորներին էլ զանգահարում ես, հաճախ չեն պատասխանում, ձայնային հաղորդագրություն եմ թողնում շատ ժամանակ էլ, առավոտյան արթնանում եմ, զանգահարում են ու հարցնում՝ ձեր ջրի հարցը լուծվե՞ց։ Լրիվ թքած վերաբերմունք է»,- ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ երեկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկոյան ժամին տեղեկացրեց, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների շրջամատակարարումը:

Աննա Սրապիոնյան




Լրահոս