Ո՞ՒՐ Է «ԱՆՀԵՏԱՑԵԼ» ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն Էջմիածնի բնակիչներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ վարձակալությամբ տրվող բնակարանների գները կտրուկ թանկացել են։

 

Մեզ հետ զրույցում բնակիչը, ով ահազանգել էր դեպքի մասին, ասաց, որ վարձակալության գները 70.000-80.000 դրամից շեշտակի դարձել են 200-250.000 դրամ։

Բացի վերը նշված խնդրից՝ բնակիչները այլ խնդիրներ էլ նշեցին, որոնցից են Էջմիածին քաղաքի աղբահանությունն ու ջրամատակարարումը։

Ահազանգող քաղաքացու խոսքով՝ ջրամատակարարումը 24 ժամի փոխարեն դարձել է 17 ժամ, սակայն ժամանակ առ ժամանակ նշված 17 ժամի փոխարեն ավելի կարճ ժամանակով է մատակարարվում ջուրը։

Հիշեցնենք, որ այս խնդիրը կա նաեւ մայրաքաղաքում եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն մեր գրավոր հարցմանը պատասխանել էր, որ մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը պետք է իրականացվի 17 ժամյա ռեժիմով՝ 07։00-24։00 ժամերին։ Նշված ժամանակացույցը կազմվել է՝ հաշվի առնելով ընկերության ներկայիս տեխնիկական հնարավորությունները։

Ինչ վերաբերում է աղբահանությանը՝ քաղաքացին նշեց, որ աղբահանությունը լավ չի իրականացվում, ինչը եւս անհանգստացնում է բնակիչներին։

Այս խնդրով կապ հաստատեցինք Վաղարշապատի համայնքապետարանի մամուլի խոսնակ Սիրանուշ Գեւորգյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք այս խնդիրներով համայնքապետարանը վերահսկողություն իրականացնում է, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթի  հետ զրույցում Սիրանուշ Գեւորգյանն ասաց, որ նշված խնդիրներից միայն աղբահանությունն է համայնքապետարանի վերահսկողության ներքո։

«Ձեր նշածներից միայն աղբահանությունն է համայնքապետարանի վերահսկողության տակ։ Թե՛ բնակարանների վարձերի թանկացումը, թե՛ ջրամատակարարումը մեր ենթակայության տակ չէ։ Աղբահանության հետ կապված էլ ասեմ, որ տարվա սկզբից մենք ունենք նոր աղբամաններ ու մեքենաներ, աղբահանությունը կատարվում է, եթե չասեմ իդեալական, ապա շատ լավ։ Աղբահանության մասով կոնկրետ բողոքներ մենք չունենք։ Երբեմն լինում է, որ կոնկրետ հասցեում կուտակում շատ է լինում, եւ մենք աղբահանությունը 2 անգամ ենք իրականացնում»,- ասաց Սիրանուշ Գեւորգյանը։

Կարելի է ենթադրել, որ բացի աղբահանությունից՝ վերը նշված երկու խնդիրները, այն է՝ բնակարանների վարձակալության գների թանկացումն ու ջրամատակարարումը վերահսկողությունից դուրս են գտնվում, այսինքն՝ ամեն բան բարձիթողի իրավիճակում է։

Ի դեպ, նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին արդեն տեւական ժամանակ է փնտրում են, զանգահարում՝ քաղաքացիների բողոքը ներկայացնելու համար, սակայն տիկին քաղաքապետը, կարծես, «անհետացած» լինի, նրան գտնելը դարձել է անհնարին: Նրա ղեկավարած քաղաքն անհուսալի վիճակում է, իսկ քաղաքապետը վայելում է կյանքը՝ կարծես, թե ո՛չ խնդիրներ կան, ո՛չ էլ դրանք իրեն են վերաբերում:

 

 

 

ԳԱԱ-Ն ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Սույն թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանի գլխավորությամբ։

 

Ողջունելով հյուրերին եւ հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց.  «Ձեր այցը մեծ հնարավորություն է քննարկելու մեր երկրների գիտակրթական համագործակցության նոր ոլորտները»։

Ակադեմիկոս Սաղյանն անդրադարձավ 2020 թվականին՝ Covid-19 համավարակի ժամանակ, Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջեւ համագործակցությանը։ «Մեր գործընկերները մասնագիտական աջակցություն ցուցաբերեցին վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստերի արտադրության կազմակերպման գործում։ Իսկ 2023 թվականին Չինաստանի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Կա մեծ ներուժ ընդլայնելու այս համագործակցությունը, մասնավորապես՝ գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման եւ կանխարգելման համար գենետիկական ախտորոշիչ եւ սքրինինգային թեստերի, ինչպես նաեւ հիվանդությունների բուժման բջջային եւ գենային թերապիայի մոտեցումների մշակման գործում», – ասաց Աշոտ Սաղյանը:

Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը։ Նա կարեւորեց հայկական կողմի հետ համագործակցությունը եւ դրա զարգացումը։

Պատվիրակության կազմում էր համալսարանի Կենսաբժշկության քոլեջի Սուջոու Բիոբեյ կենսատեխնոլոգիական տեխնոպարկի ռեզիդենտ, «RocRock Biotechnology» ընկերության հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Շուշան Յինը, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից ՊՇՌ թեստերի արտադրության տեղայնացման ընթացքում տրամադրել է մասնագիտական, տեխնիկական եւ լոգիստիկ օժանդակություն։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը պրոֆեսոր Շուշան Յինին իր ներդրման համար շնորհեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալ։

Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետ համագործակցությունը շարունակվելու է՝ ընդգրկելով քաղցկեղի եւ գենետիկ հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման եւ բուժման մեթոդների մշակման ոլորտները։

 

 

ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԽԱԽՏՎԵԼ Է

Տավուշի մարզկենտրոն Իջեւանը Բերդ քաղաքին կապող, Տավուշի սահմանագոտին շրջանցող Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհի մաս կազմող, 35 կմ երկարություն ունեցող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թվականին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023 թվականի  սեպտեմբերին, այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված էր հատկացնել  4,5 միլիարդ դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Ճանապարհի շինարարության պայմանագրի ժամկետը խախտվել է, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել։  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ ներկայումս ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի կառուցապատումը, աշխատանքների քանի՞ տոկոսն է արված, ե՞րբ շահագործման կհանձնվի կարեւոր այդ ավտոճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են. «Գանձաքար- Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը իրականացվում է «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպության կողմից, որն իրականացրել է Իծաքար-Հախում գետի հատվածի հողային աշխատանքները, ճանապարհի կառուցապատման ավարտի վերաբերյալ դիմեք կապալառու կազմակերպությանը»։ Նավուր գյուղից տեղեկացանք, որ «Էկո բիլդինգ»  շինարարական կազմակերպությունը Վայքից է, այն այս տարվա գարնանից հողային աշխատանքներ է կատարում։ Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցման նոր ժամկետ է սահմանվել 250 օրը, այսինքն՝ այս տարի ռազմավարական նշանակության ճանապարհը պետք է գործարկվի։ Սակայն տարին արդեն կիսվում է, շինաշխատանքների զգալի մասը մնում է, դժվար թե շինարարական կազմակերպությունը կարողանա տեղավորվել սահմանված ժամկետում։ Գանձաքարի վարչական ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը հայտնեց, որ ճանապարհի Գանձաքարի հատվածում ճանապարհաշինարարները ճանապարհի եզրին ամրացնող գաբիոններ են տեղադրել, նրանք մեծ ծավալով աշխատում են ճանապարհի մյուս՝ Իծաքարի հատվածում։ Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչները հայտնեցին, որ  «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպությունն Իծաքարում   արդեն կատարել  է 1,5 կիլոմետր երկարությամբ՝ Իծաքարի   գլխավոր փողոցի մայթերի եւ ջրահեռացման համակարգի կառուցումը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս