Երևանում կրակոցներ են հնչել․ վիրավորվել է Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերը ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է:

Դեպքի վայրից քիչ այն կողմ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոեմեքենայի սրահում առկա են կրակոցի հետքեր:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է:




Լրահոս