Ո՞ւմ են փնտրում իրավապահները «Ֆազ»-ին կյանքից զրկելու գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ւմ են փնտրում իրավապահները քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանության գործով:

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կատարողները կրակոցներ արձակելուց և Սերգեյ Գրիգորյանին սպանելուց հետո նույն գիշերը գնացել են օդանավակայան ու մեկնել Ռուսաստան:

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ կատարողները մշտապես ապրել են ՀՀ-ում, այդ դեպքից հետո են երկիրը լքել ու հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։

2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, և սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս շատ լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ, ու երկու ամիս անց կասկածները փարատվեցին:

Տարիներ առաջվա հին վեճերը

Դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև 2021թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի և Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ․ Ստեփանյանի միջև։
Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ու գործը դատարանում է:

Շուրջ 2 ամիս իրավապահներն ստուգում էին քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին» ու արդյունքում վերջինիս ձերբակալեցին ու կկալանավորեն որպես պատվիրատու, սակայն կատարողները չկան:

ԱԱԾ-ն միջամտեց

ArmLur.am-ը հայտնել էր, որ այս աղմկահարույց սպանությունը բացահայտեու համար ներգրավվել է նաեւ ԱԱԾ-ն։ Իրավապահները պարզել են, որ 2024թ. հունիսի 11-ին սպանություն կատարողները մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռուստամ Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Ըստ նախաքննական մարմնի՝ սպանություն կատարողներ Հ․ Սահակյանը և Սու․ Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոցներ, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր կեղծված հաշվառման համարանիշներով՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, ժամը 21:00-ի սահմաններում Ռ․ Ստեփանյանի տնից ուղևորվել են Երևան քաղաք։

Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․ Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ Հ. Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ:

Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ․ Սահակյանը և Սու․ Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով թողնելով այն դեպքի վայրում, դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցելով ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․ Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաև Ռ. Ստեփանյանը:

Հանցագործության կազմակերպման համար մեղադրվող քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը, որը նրա վարորդն է, ձերբակալվել են։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Իշխանությունների հետ կապը

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Ռուստամ Ստեփանյանը վայելում է իշխանություների հովանավորությունը եւ մտերիմ հարաբերությունների մեջ է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս