Այսօր ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Ռուստամ Ստեփանյանի հոր սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր հրազեններով կրակոցներ է արձակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Ս.-ի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և ստացած հրազենային վնասվածքներից մահացել։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռոբերտ Ստեփանյանի սպանությունը Ա.Խ.-ի օժանդակությամբ կատարել է դատապարտված Արթուր Ասրյանը («Կուկ»), որը տնային կալանքի տակ գտնվելով, պոկել էր պրոբացիայի սարքը և նոր տարվա գիշերը գնացել էր Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակ, որտեղ ապրում էր Չաղ Ռուսատմի հայրը ու սպանել նրան:
ArmLur.am-ին հասած լուրերի՝ Արթուր Ասրյանը, սպանելով ՉաղՌուստամի հորը՝ Ռոբերտ Ստեփանյանին, վրեժ էր լուծել քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության համար․ վենդետա:
Հիշեցնենք, որ 2024 թվականին հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում: Այս սպանության գործով տնային կալանքի տակ է հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը: Եվ ահա Սերգեյ Գրիգորյանի սպանությունից մեկ տարի անց սպանեցին Չաղ Ռուսատմի հորը՝ Ռոբերտ Ստեփանյանին, իր շենքի բակում:
Արդյունյքում, քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից Արթուր Ասրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը) և 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), իսկ Ա.Խ.-ի նկատմամբ` 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը):
Արթուր Ասրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Խ.-ի վերաբերյալ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում: Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























