Երգիչ Գուրգեն Դաբաղյանը մի քանի երգիչ-երգչուհիների հետ վերջերս է վերադարձել Եվրոպայից, որտեղ հանդես են եկել համերգային շրջագայություններով: Թե ինչ տպավորություններով է վերադարձել երգիչը, պարզեց armlur.am լրատվականը` զրուցելով երգչի հետ: «Վերադարձել ենք շատ լավ տպավորություններով ու հիշողություններով, բայց մի փոքր հոգնած»,-անկեղծացավ երգիչը:
Գուրգեն Դաբաղյանի տեղեկացմամբ իրենք համերգներով հանդես են եկել Եվրոպայի հայկական համայնքների համար: «Եվրոպայի հայերը մեզ ընդունել են շատ ջերմ ու բուռն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
–Փաստորեն, հերքում եք այն տեսակետը, թե սփյուռահայերը այդքան էլ չեն սիրում հայկական ժողովրդական երգեր: Տեսակետ կա, որ 6/8-ն այնտեղ ավելի նախընտրելի է:
-Ես երգել եմ թե ժողովրդական, թե 6/8 չափի, թե ազգագրական երգեր: Եթե սփյուռքահայերը սիրում են արտիստին, սիրում են թե նրան, թե նրա երգերը:
-Գուրգեն, որքան գիտեմ Ձեր տարեդարձը համընկել է համերգային այս շրջագայությունների հետ:
-Այո:
-Տարեդարձը որևէ տեղ տոնեցի՞ք:
-Մարտի 9-ին Լոնդոնի հայերից մեկը մեզ հրավիրեց իր տուն, շնորհավորեցին մեր հաջող ելույթները և երբ ժամը 00:00-ը խփեց, happy birthday-ներով, ջերմ խոսքերով իմ ընկերներն ու այնտեղի իմ ծանոթները շնորհավորեցին ինձ: Հաջորդ օրը ման եկանք Լոնդոնում, իսկ երեկոյան գնացինք ռեստորան, որտեղ ինձ համար տորթ էին պատրաստել (դա անակնկալ էր ինձ համար) վրա մոմերով:
-Օրիգինալ որևէ նվեր ձեր տարեդարձի առթիվ ստացե՞լ եք:
(Ծիծաղում է, փորձում վերհիշել-խմբ.): Չէ, ստացել եմ սովորական նվերներ:
-Հաճա՞խ է պատահում, որ ձեր տարեդարձի համընկնի համերգային շրջագայությունների հետ:
–Մի անգամ էլ է եղել նման բան: Տոնել եմ օրիգինալ տարեդարձ Հնդկաստանում: Կարծեմ 2 տարի առաջ: Գործով Հնդկաստան էի մեկնել: Ճիշտ է, ընկերոջս հետ էի, բայց փղերի վրա նստած, հնդակական երգերով ու հագուստով տոնեցի տարեդարձս:
-Գուրգեն, հնարավո՞ր է կտրուկ ժանրային փոփոխություն լինի ձեր երգարվեստում:
-Կտրուկ, դժվար թե: Այն, ինչ ես անում են, դժվար թե շատ կտրուկ է, պարզապես կլինի երգացանկի համալրում, հանդիսատեսի լայն լսարան: Այսինքն` ոչ միայն ժողովրդական երգեր, այլև ժամանակակից մոդեռն մոտեցումներով կատարումներ ժամանակակից գործիքավորումներով ներկայացնել:
-Ընդառաջ եք գնում պահանջարկին, թե՞ ինքներդ եք նման փոփոխություն ցանկանում:
-Ով կասի, թե պահանջարկին ընդառաջ չի գնում, կարծում եմ, մեղմ ասած, ազնիվ չի լինի, որովհետև ապրում ենք և ունենք կարիքներ, ցանկություններ: Բայց նաև դա իմ ցանկությունն է:
–Առաջիկայում նոր երգ ու տեսահոլովակ կներկայացնե՞նք երաժշտասեր հանրությանը:
-Մոտակա ժամանակները` դժվար, քանի որ վերջին տեսահոլովակս թողարկվել է մոտ երկու ամիս առաջ:
-Վերջին շրջանում երգարվեստի որոշ ներկայացուցիչներ հաջողություններ են ունենում ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կյանքում: Նրանք արդեն գտել են իրենց 2-րդ կեսին: Հնարավո՞ր է Գուրգեն Դաբաղյանն այս տարի համալրի ընտանիք կազմածների շարքը:
-Քանի որ տարին դեռ առջևում է, ապագայի մասին չեմ կարող ասել: Այս պահի դրությամբ մոտակա ժամանակները չի լինի:
-Այսինքն` Գուրգեն Դաբաղյանի սիրտը զբաղված չէ՞:
(Ծիծաղում է-խմբ.): Այո:
Սոնա Դավթյան