Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում իրականացվող բռնությունների կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպի մամլո քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը, ով, սակայն, խուսափել է պատասխանել Թուրքիայի մասնակցության մասին հարցին:
ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայում և ողջ տարածաշրջանում բռնություններից տուժածներին, այդ թվում՝ նաև սիրիահայերին:
«Մեզ վաղուց անհանգստացնում է դաժան ծայրահեղականներից սպառնացող վտանգը, և Սիրիայում հայկական համայնքին սպառնացող վերջին վտանգը միայն ընդգծում է այդ», – ասել է Մարի Հարֆը:
Այդուհանդերձ, Պետդեպի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախապես ծրագրել էր Սիրիայում իրականացվող սադրանքները` հարևան երկրի տարածք ներխուժելու պատրվակ ստեղծելու նպատակով:
Միաժամանակ հաղորդվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում անհանգստություն է հայտնվում Քեսաբի վրա ապօրինի զինված կազմավորումների հարձակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Թուրքիայի կողմից հրետանական պաշտպանության ներքո: