Արմավիրի բանտում կալանավորներն ու դատապարտյալներն իրար հետևից հացադուլ են հայտարարում. ի՞նչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի բանտում մի խումբ դատապարտյալներ 30 օրից ավել գտնվում են հացադուլի մեջ։

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ նրանց մեկուսացրել են բանտի կարանտինային մասնաշենքի 1-ին խցում։ Հացադուլ հայտարարած դատապարտյալներն են՝ Սաֆարյան Արամ Վարուժանի, Թադևոսյան Արման Հակոբի, Բավցյան Բախշի Ռուբիկի, Նազարյան Գեղամ։

Ավելին՝ հացադուլ անողներից մեկի վիճակն, ըստ դատապարտյալների, ծանր է, պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, հարցին լուծում չեն տալիս և տեղյակ չեն պահում համապատասխան մարդկանց իրենց հացադուլի վերաբերյալ, շատ վատ են վերաբերվում ու հնարավորություն չեն տալիս խնդիրն իրավասու մարմիններին հայտնել։

ArmLur.am-ը դիմեց քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց.

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 8-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։

Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ:

Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից։ Պատճառն այն է, որ թույլ չի տրվել նրա տեղափոխումը մասնավոր բժշկական կենտրոն առանց հատուկ ցուցման առկայության։ Մյուս դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 5-ից, ցանկանում է տեղափոխվել ավելի ցածր անվտանգային գոտի։

Հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ։ Նշված ազատազրկված անձինք քրեակատարողական հիմնարկին որևէ դիմում` ուղղված այլ մարմնի, չեն ներկայացրել։ Դիմումներ ներկայացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկը դրանք կուղարկի համապատասխան մարմիններին»։

Քնար Մանուկյան




Լրահոս