Wizz Air, British Airways, Azerbaijan Airlines ավիաընկերությունները չեղարկել են չվերթները դեպի Իսրայել: Պատճառն Իսրայելի և Լիբանանում «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ ավիահարվածներն են, գրում է Times of Israel-ը:
Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ: Ընդհանուր առմամբ, հասցվել է 1,600 հարված:
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել էին, նրանց կոչ էր արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը թիրախավորում է այն տները, որտեղ «Հեզբոլլահ»-ը «հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր» է պահում: Լիբանանի հարավի հազարավոր բնակիչներ երեկվանից շտապում են հեռանալ բնակավայրերից:
Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ»-ը իր հերթին երկուշաբթի ավելի քան 200 հրթիռ է արձակել, իսկ անցած գիշեր՝ 20: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելի հյուսիսում դպրոցները փակվել են: