Armenian text to speach

Ի՞նչ կփոխի Թրամփի պարտությունը միջազգային քաղաքականության մեջ․ Իրանը, Իսրայելն ու Ուկրաինան սպասում են Վաշինգտոնի քայլերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ուժի պարտությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն ամերիկյան ներքաղաքական կյանքի, այլև Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա։ Մասնավորապես, ընտրությունների արդյունքները կարող են անդրադառնալ Իրանի հետ հարաբերություններին, Իսրայելին ԱՄՆ-ի աջակցությանն ու Ուկրաինայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշմանը։

Այս մասին անդրադարձել է CNN-ը՝ ներկայացնելով, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ ընտրությունների արդյունքները միջազգային քաղաքականության համար։

Հրապարակման համաձայն՝ Թրամփի պարտությունը կարող է նոր հնարավորություններ տալ դեմոկրատներին՝ հակազդելու նախագահի քաղաքականությանը, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփը դեռևս գործողությունների զգալի ազատություն ունի։ Հետևաբար մնում է հարցը՝ ներքաղաքական պարտությունից հետո նա ավելի հակվա՞ծ կլինի փոխզիջումների, թե՞ կփորձի ավելի կոշտ կերպով առաջ տանել իր դիրքորոշումները։

Իրանը սպասում է Վաշինգտոնի հաջորդ քայլին

CNN-ի փոխանցմամբ՝ Իրանը ողջունել է Թրամփի քաղաքական ուժի պարտությունը՝ այն դիտարկելով որպես ամերիկյան հասարակության դժգոհության արտահայտություն Իրանի դեմ պատերազմի նկատմամբ։ ԱՄՆ նախագահն ընդունել է, որ պատերազմի հետևանքով գների բարձրացումը դեր է ունեցել հանրապետականների պարտության հարցում։

ԱՄՆ-ի հետ բանակցություններում ներգրավված Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ամերիկյան կառավարությունը դավաճանի սեփական ժողովրդի կամքին՝ ծառայելով արտաքին շահերին, ապա Իրանի պատասխանը ծանր կլինի։

Միևնույն ժամանակ Իրանը չի կարծում, որ ընտրությունների արդյունքները կփոխեն Վաշինգտոնի քաղաքականությունը։ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե ընտրությունների արդյունքները կփոխեն ԱՄՆ քաղաքականությունը, խորապես սխալվում են։

Տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է պահպանվել։ Ըստ հրապարակման՝ Թրամփը որոշ լրագրողների հայտնել է, որ դիտարկում է Իրանի դեմ ավելի կոշտ հարվածներ հասցնելու հնարավորությունը, իսկ մյուսներին ասել է, որ անմիջականորեն իրավիճակը սրելու մտադրություն չունի։

Միաժամանակ դիվանագիտական գործընթացը նույնպես ակտիվացել է։ Իրանը վերջին օրերին առաջարկներ է փոխանցել Կատարի միջնորդներին, որոնք դրանք ներկայացնում են Վաշինգտոնին։ Հրապարակման համաձայն՝ Թեհրանը նախկինում առաջարկել էր երկու օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, եթե Թրամփն ընդունի իր յոթ պայմանները։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերություններում նոր փուլ

CNN-ի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները կարող են լուրջ հետևանքներ ունենալ նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների համար։ Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում Իսրայելին աջակցելու ավանդական երկկուսակցական համաձայնությունն աստիճանաբար թուլանում է։

Դեմոկրատների շրջանում դժգոհությունը պայմանավորված է Գազայի պատերազմում զոհերի թվով, իսկ հանրապետականների մի հատվածն էլ կարծում է, որ ԱՄՆ-ն չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերել Իսրայելին։

ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը CNN-ին ասել է, որ Իսրայելին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցումը կարող է լինել միայն ավելի լայն գործընթացի սկիզբը։ Նրա խոսքով՝ հնարավոր է նաև դադարեցվի հետախուզական տեղեկատվության փոխանակումը և համատեղ ռազմական համակարգերի, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի մշակումը։

«Մենք մի դարաշրջանի ավարտին ենք»,- հայտարարել է Օրենը։

Հրապարակման համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես ներքաղաքական դժվարությունների առաջ է կանգնած։ Միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքում նա կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։

Իսրայելում ձախակողմյան «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանը հայտարարել է, որ երկիրը ժամանակ չունի կորցնելու և պետք է փոխի Նեթանյահուին՝ խուսափելու պատժամիջոցներից ու միջազգային մեկուսացումից։

Ուկրաինան հույս ունի ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցության

Ընտրությունների արդյունքները դրական ազդակ են նաև Ուկրաինայի համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ դեմոկրատների հաջողությունը կարող է նպաստել Ռուսաստանի դեմ պատերազմում Կիևին ամերիկյան աջակցության մեծացմանը։

Նա նշել է, որ դեմոկրատներն ավելի հստակ են արտահայտվում Ուկրաինային աջակցելու և ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Զելենսկու խոսքով՝ ուժերի նոր հավասարակշռությունը կարող է հանգեցնել Ուկրաինային ավելի մեծ աջակցության։

Միաժամանակ CNN-ը նշում է, որ վերջին ամիսներին Զելենսկու և Թրամփի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։ Թրամփը պահանջել է Զելենսկու հեռացումը, քննարկել Ռուսաստանի համար շահավետ էներգետիկ գործարքներ և սահմանափակել Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ տեխնոլոգիական ու հետախուզական աջակցությունից։

Կիևը, սակայն, հասկացել է, որ չի կարող ամբողջությամբ ապավինել Վաշինգտոնին և փորձում է հարաբերություններ կառուցել՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում ԱՄՆ-ն։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Թրամփի քաղաքական ազդեցության թուլացումը կարող է որոշակի առավելություն տալ Ուկրաինային, սակայն միաժամանակ վտանգ կա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի օգտագործել ստեղծված իրավիճակը՝ մինչև 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները պատերազմի դաշտում հնարավորինս մեծ արդյունքների հասնելու համար։

Այսպիսով, CNN-ի գնահատմամբ՝ Թրամփի քաղաքական ուժի պարտությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Իրանի, Իսրայելի և Ուկրաինայի համար, սակայն այն ինքնին չի նշանակում, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կփոխվի։

Անի Վարդանյան 




Մամուլի Տեսություն

Լրահոս