ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հիրոսիմայի և Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծությունից փրկված և միջուկային զինանոցների կրճատման համար պայքարող «Նիհոն Հիդանկյո» շարժմանը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական իր ուղերձում Բայդենը պատրաստակամություն է հայտնել միջուկային զենքի սպառնալիքը նվազեցնելու շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ առանց նախապայմանների։
«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային սպառնալիքը նվազեցնելու համար։ Ո՛չ մեր երկրների, ո՛չ աշխարհի համար ձեռնտու չէ կասեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը։ Միջուկային սպառնալիքի նվազեցումը կարևոր է ոչ թե չնայած ժամանակակից աշխարհի վտանգներին, այլ հենց դրանց պատճառով», – ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահը շնորհավորել է «Նիհոն Հիդանկյո»-ին միջուկային զենքի կիրառման դեմ նրանց «պատմական աշխատանքի» ճանաչման համար: Բայդենը նաև շնորհավորել է Ճապոնիային «միջուկային զենքի տարածումն ու օգտագործումը կանխելու հարցում իր ժողովրդի և կառավարության բարոյական հստակության և անսասան հանձնառության գիտակցման համար»:
Հիրոսիման և Նագասակին ենթարկվել են ամերիկյան ատոմային ռմբակոծության 1945 թվականին։ Ճապոնական քաղաքները դարձել են միջուկային զենքի մարտական կիրառման միակ վայրերը: Հարձակման հետևանքով երկու քաղաքներում զոհվել է շուրջ 150 000 մարդ։ Մահացածների թիվը, ճառագայթային հիվանդություններից մահացածների հետ միասին, գերազանցում է 500 000-ը։