«Աղազարյանը միշտ անհարմար վիճակի մեջ է դնում, բայց երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման»․ Քոչարյանն ասաց՝ Քյարամյանի պահվածքը խմբակցությունում կքննարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած անախորժությանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ, նրանք սկսեցին միմյանց վիրավորել ու քաշքշել:

Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում Արգիշտի Քյարամյանի արձագանքին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ, ԱԺ-ն այն հարթակն է, ներկայացուցչական ամենաբարձր մարմինն է, ինչ ասես՝ կարող են խոսել, դուք ինձ ինչքան սուր հարցադրումներ եք անում․․․ կամ՝ ընդդիմադիրները։ ԱԺ-ն հարցեր բարձրացնելու տեղ է»,-ասաց նա և հավելեց․

«Աղազարյանը նաև տարիքով է մեծ։ Աղազարյանն է, մեզ էլ առավոտից իրիկուն միշտ անհարմար վիճակների մեջ է դնում, այդպես լիներ, պետք է բոլորս դանակն առնեինք ու Աղազարյանի հետևից ընկնեինք, բայց այդպես չի լինում։ Պատգամավորն իր կարծիքն է արտահայտում, բայց երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման՝ իր տղայի հետ կապված քրեական հոդվածների լեզվով։ Ինձ համար դա ընդունելի չէ։ Պառլամենտն է մեր երկրի կայունություն ապահովողը»։

Նա նկատեց, որ խմբակցությունում այս հարցով քննարկում չի եղել, բայց այս հարցերին անպայման անդրադարձ կլինի։




Լրահոս