Հոկտեմբերի 19-ին՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության մի շարք ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են «Մեդալով պարգևատրում», «Կրծքանշանով պարգևատրում», «Հուշանվերով պարգևատրում», «Դրամական պարգևատրում» և «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակները:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը: Հակիրճ ներկայացնելով Ծառայության համակարգի մեկդարյա պատմության հիշարժան էջերը՝ Ծառայության պետը շեշտադրել է համակարգի ներկայիս վիճակը, առանձնահատկություններն ու անելիքները: «….Այսօր մեր ծառայությունը կայացած կառույց է, որը շարունակելով ինքնակատարելագործվել, քայլ առ քայլ հաղթահարելով առկա խոչընդոտները, հետևողական ամրացնում է իր ուրույն ու արժանի տեղը պետական համակարգում և հասարակության շրջանում։ Երբեմն այն համարժեք գնահատականի չի արժանանում, սակայն մենք ինքներս քաջ գիտակցում ենք, թե ամենօրյա ինչ դժվարությունների միջով է անցնում թե՛ համակարգը և թե՛ մեզնից յուրաքանչյուրը։ Լիահույս եմ, որ վաղ թե ուշ մեր համակարգի տքնաջան և դժվարություններով լեցուն աշխատանքն ըստ արժանվույն գնահատվելու է բոլորի կողմից»,- նշել է Ծառայության պետը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին Քրեակատարողական ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ՝ Ամբակում Գրիգորյանը մաղթել է առողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն և արժանապատիվ ծառայություն՝ ի բարօրություն հասարակության և Հայաստանի Հանրապետության, այնուհետև հանձնել պարգևները աշխատակիցներին:
Ուշագրավն այն է «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ էության ՔՊ-ն ամեն գնով փորձում է Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին ազատել աշխատանքից և հաջորդ պաշտոնյան ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա հենց ինքը՝ Ամբակում Գրիգորյանը: