Նոյեմբերի 22-ին՝ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից կախված վիճակում մոտ 21-ամյա երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել: Ըստ տարածված տեղեկությունների` երիտասարդն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:
«Ժողովուրդ»-ը թաղամասի բնակիչներից տեղեկացավ, որ առավոտյան նկատել են մահացած տղային ու անմիջապես ահազանգել ոստիկանություն: Տարածքում հավաքված մարդկանց խոսքերով` ինքնասպանություն գործած երիտասարդին երբեւէ հիշյալ տարածքում չեն տեսել եւ չեն ճանաչում:
«Տեսա էդ վիճակում, էլ մոտիկ չգնացի, մենակ տեսա, որ բկից երկու հատ հաստ թոկ էր գցած, 15-20 տարեկան էրեխա էր: Հետո ոստիկանները եկան, տարածքն ուսումնասիրեցին, իրան էլ քանդեցին-տարան»,-մեզ հետ զրույցում նշեց դեպքի ականատես 57-ամյա Վլադիմիր Կիրակոսյանը:
Մեզ տեղեկացրին, որ դեպքի մասին 08:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել Շիրակի մարզային փրկարարական վարչություն: Ահազանգողը հայտնել է, որ «50-ամյակի» կամրջից մարդ է կախվել, եւ անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը:
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. «Մեր կողմից այդ մասին տեղյակ է պահվել ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահ մաս, ու մեկնել ենք դեպքի վայր, որտեղ հայտնաբերել ենք անձը դեռ չպարզած մոտ 25 տարեկան երիտասարդի` կախված վիճակում»:
Այնուհետեւ պարզվել է, որ ինքնասպանություն գործածը 1990 թվականին ծնված Ստյոպա Ավագյանն է: Վերջինս Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ էր: 1988-ի երկրաշարժից հետո նրանց ընտանիքը տեղափոխվել ու բնակվում էր Գյումրիում, իսկ վերջին երկու ամիսներին Ստյոպա Ավագյանն ապրել է հորաքրոջ տանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով զբաղվում է Շիրակի մարզի քննչական վարչությունը: Նախաքննության գաղտնիությունից ելնելով` այլ մանրամասներ չհաղորդեցին:
Գործով զբաղվող քննիչ Արամ Եդիգարյանը մեզ միայն փոխանցեց, որ արդեն հարցաքննվել են երիտասարդի հորաքրոջ տղան եւ մայրը: «Հարցաքննության մասին հիմա վաղ է խոսելը, ինքնասպանության պատճառների մասին նույնպես, այս պահի դրությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, արդյունքների մասին հետագայում կտեղեկացնենք»,-վստահեցրեց Եդիգարյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է, որ Ստյոպա Ավագյանը մի քանի ամիս առաջ էր վերադարձել ՀՀ զինված ուժերից, բնավորությամբ ինքնամփոփ տղա է եղել, ու հայտնի է նաեւ, որ ինքնասպանություն գործելու փորձեր նախկինում էլ է արել: «Նախաբազուկների վրա կտրված վերքերի ձեւով կան սպիացած վերքեր, որոնք մեզ առիթ են տալիս մտածելու, որ երիտասարդն ինքնասպանություն գործելու փորձեր էլի է արել, բայց դրանք կանխվել են»,-հավելեց քննիչը:
Զրուցեցինք նաեւ ՇՄ Ջաջուռ գյուղի գյուղապետ Սոկրատ Սուվարյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ երկրաշարժից հետո Ստյոպայի հայրը տեղափոխվել է Երեւան` երկրորդ կնոջ բնակարան, իսկ Ստյոպան նրա առաջին կնոջ որդին է: «Հիմա էլ ընդգրկված են անօթեւանության հերթացուցակում ու բնակարանի էին սպասում, բայց թե էդ էրեխեն ինչի համար դիմեց էդ քայլին, տեղյակ չենք»,-նշեց գյուղապետը:
Իսկ ՇՄ քննչական վարչության քննիչ Արամ Եդիգարյանը մեզ փոխանցեց, որ այս պահին ինքնասպանություն գործած 21-ամյա Ստյոպայի հայրը գտնվում է արտերկրում: Նկատենք, որ Շիրակում ինքնասպանության դեպքերի թիվը վերջին շրջանում կտրուկ ավելացել է:
Գյումրի