ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Թեև պատգամավորը նախապես հայտարարել էր, որ երեկ ժամը 18։00-ին պետք է հայտարարի մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված իր որոշման մասին, բայց Սիմոնյանի հետ հանդիպումից հետո Հովիկ Աղազարյանը ինչ-ինչ պատճառներով կտրուկ մտափոխվում է։ Նա հայտարարեց, որ իր որոշման մասին ավելի ուշ կհայտնի՝ չհաստակեցնելով, սակայն, թե երբ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հովիկ Աղազարյանի Ալեն Սիմոնյանից երաշխիքներ է ուզել իր և որդիների համար։
Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կաշառքի գործով է անցնում, իսկ որդին՝ Վահե Աղազարյանը, ավտոներկրող ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների գործով։
ՔՊ-ական պատգամավորը երեկ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը պահանջել է, որպեսզի իշխանություններն իրեն երաշխիքներ տան, որ մանդատը վայր դնելուց հետո իրեն և որդիներին վտանգ չի սպառնա ու կալանքի չեն տանի։
Ալեն Սիմոնյանն էլ Հովիկ Աղազարյանին խոստացել է, որ կխոսի Նիկոլ Փաշինյանի հետ և կպատասխանի իրեն։
Ահա հենց այս պատճառով էլ երեկ պատգամավորը հայտարարեց, որ դեռ հարցեր կան քննարկելու, ինչից հետո նոր կհայտնի՝ դնո՞ւմ է մանդատը, թե ոչ։
ArmLur.am-ը դիմեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանին՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն վերջինս հերքեց այն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Սոնա Գրիգորյան