ՀՀ կառավարության երեկվա նիստում կայացվել է բնապահպանական հարցերով՝ միանգամից մի քանի կարևորագույն որոշումն: Նախ` ՀՀ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումը, խստացրել է Արարատյան ավազանի ջրային պաշարների օգտագործման հսկողությունը: Բացի այդ` հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքների համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Այդ որոշմամբ նաև արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:
Բացի այդ` այսուհետ ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է լինելու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, ինչի համար անհրաժեշտ է անցում կատարել ջրամատակարարման «փակ» կամ «կիսափակ» համակարգերի, ինչպես նաև ներդնել ավտոմատ կառավարման ժամանակակից սարքավորումներ:
Առաջին հայացքից` կառավարությունը շատ լավ որոշումներ է ընդունել, որոնք պետք է ընդունված և կիրառված լինեին դեռ տարիներ առաջ:
Նկատենք, սակայն, որ այս որոշումներով Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական բիզնեսով զբաղվող մանր և միջին տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ են ծագելու, քանի որ վերը նշված սարքավորումների և շրջանառության «փակ» ու «կիսափակ» համակարգերի կիրառման համար բավականին մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը, բնականաբար, քչերն ունեն: Ասել է թե` ընդերքային ջրային ռեսուրսների խնայողության պատճառաբանությամբ զգալիորեն կրճատվելու է առկա ձկնաբուծական բիզնեսի շրջանառությունը:
Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունը այդպիսի սրտացավություն դրսևորեց հենց հիմա, պարզ է դառնում երեկվա նիստում ընդունված մյուս որոշումից, որը դարձյալ վերաբերում է ձկնաբուծությանը: Սակայն այս դեպքում` Սևանա լճում ցանցավանդակային ձկնային տնտեսությունների համալիր ծրագրին: Այս նոր ծրագրով նախատեսվում է առաջիկա 10 տարվա ընթացքում արտադրել 50 հազար տոննա ձուկ, որը, ըստ կառավարության հաշվարկների, կարժենա 175 միլիարդ դրամ: Ասել է թե` այդպիսով կառավարությունը Հայաստանի ձկնաբուծության բիզնես դաշտը «մաքրում» է, որպեսզի այս նոր` ցանցավանդակային բիզնեսի տերերը խնդիրներ չունենան իրենց արտադրանքի իրացման հետ:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացնելու են մասնավոր ընկերություններ, որոնք այնքան «բարի» են գտնվելու, որ իրենց հասույթից միջոցներ են տրամադրելու նաև լճի ավազանի խնդիրների լուծմանը: Այսինքն` սկզբում Սևանը մի լավ աղտոտելու են, հետո «բարեգործաբար» միջոցներ տրամադրելու լճի մաքրման համար: