«Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական աշխատանքների թվով Երևանի պետական համալսարանը սահմանել է նոր ռեկորդային ցուցանիշ։
Այս մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Ընթացիկ տարում ԵՊՀ գիտական աշխատանքների թիվն այս պահի դրությամբ հասել է 528-ի: Աշխատանքներից 433-ը գիտական հոդվածներ են, որոնցից ավելի քան 200-ը տպագրվել են առաջին քառորդում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող ամսագրերում։ Տարվա ավարտին ակնկալվում է, որ հրապարակումների թիվն ավելի է մեծանալու։ Համեմատության համար նշեմ, որ 2023 թվականին «Scopus»-ում հրապարակված ԵՊՀ գիտական աշխատանքների թիվը կազմել է 432, այսինքն՝ այս տարվա ցուցանիշը արդեն իսկ 21 %-ով գերազանցում է նախորդ տարվա արդյունքին»,- գրել է ռեկտորը:
Գրառման մեջ ընդգծվում է, որ «Scopus»-ն աշխարհի ամենահեղինակավոր գիտական շտեմարաններից է, որտեղ ընդգրկված են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներ։ Այս արդյունքը վկայում է ԵՊՀ գիտական մեծ ներուժի և վերջին տարիներին կատարած ներդրումների ու բարեփոխումների մասին։
«Գիտահետազոտական լաբորատորիաների արդիականացման և տեխնոլոգիական բազայի հարստացման ուղղությամբ արված քայլերը, միջազգային գիտական առաջատար կենտրոնների և համալսարանների հետ համագործակցությունների հաստատումը, գիտության ոլորտին ուղղված պետության ֆինանսավորման զգալի աճը, համալսարանի և ԲԿԳԿ-ի կողմից հետազոտությունների խրախուսման նպատակով իրականացվող տարբեր ծրագրերը նպաստում են, որ մեր գիտնականները ապահովեն բարձր որակի հետազոտություններ՝ բարձրացնելով Հայաստանի հեղինակությունը համաշխարհային գիտական հարթակներում։
ԵՊՀ-ում մենք շարունակելու ենք խթանել գիտահետազոտական գործունեությունը՝ նպատակ ունենալով ոչ միայն ամրապնդելու մեր դիրքերը, այլև գերազանցելու այս տարվա ցուցանիշը»,- գրառումը եզրափակել է ռեկտորը՝ ներկայացնելով գրաֆիկը, որը ցույց է տալիս վերջին տարիների ընթացքում «Scopus»-ում հրապարակված ԵՊՀ գիտական աշխատանքների դինամիկան, որը փաստում է գիտական ներուժի շարունակական աճը։