Վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդները գործադուլ են անում մինչև հիմա։ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ ՔՊ-ականները պատշաճ արձագանքում են՝ հորդորելով նրանց հավելյալ չվճարել և պատժել։
Օրինակ՝ ՔՊ-ական, նախկին Երևանի ավագանու անդամ Վազգեն Մանուկյանը Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի՝ ավտոբուսների վարորդների գործադուլի մասին ֆեյսբուքյան հայտարարությունների տակ մեկնաբանություններ է թողել․
«Հավելավճար չտալ, բոլորին խիստ նկատողություն տվեք», «ավելին ասեմ իրենց ընտանիքի անդամներին զգուշացրել են, որ այսօր տաքսիով տանից դուրս գան»։
Լարված և թեժ մթնոլորտում ծաղրանքով մեկնաբանություններ է թողնում նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանը․
«Պետք է Հնդկաստանից ավտոբուս վարելու փորձ ունեցող 300 վարորդ բերել և այս հարցը լուծել: Համ ղեկին չեն ծխի, համ գործադուլ չեն անի»։
Հավելենք, որ Նաիրի Սարգսյանը վերջերս ակտիվ քաղաքացիական գործողություններ է իրականացնում և նրա շնորհիվ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի վարորդը հանդիպակաց վարելու պատճառով տուգանվեց։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ արած վարորդները 7-ն են։
Համաձայն ArmLur.am-ի տեղեկությունների՝ նրանք քաղաքական հայացքներ ունեն, մասնավորապես «Մայր Հայաստան» դաշինքից Անդրանիկ Թևանյանի թիմակիցներն են։
Վարորդները, ովքեր ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ աշխատավարձից զատ չեն կարողանում նախկին ժամանակների պես առձեռն գումարների որոշ մասը յուրացնել, հենց այդ պատճառով էլ իրականացրել են գործադուլ և ապոկալիպսիս ստեղծել Երևան քաղաքում։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, որոշում է կայացնելու նրանց հեռացնել աշխատանքից։
ArmLur.am-ը փորձեց կապվել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։