«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել, իսկ կռվախնձորն էլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի, ապա նաեւ տեղակալի պաշտոններն են:
Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ՔՊ-ն փնտրում էր հանձնաժողովի նախագահի թեկնածու, որը կապ ունենա բժշկական ոլորտի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ուրբաթ օրը կայացած ՔՊ խմբակցության դռնփակ նիստի ընթացքում 10 դեմ ձայնով հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Արսեն Թորոսյանը, որին առաջադրել է նախկին թղթակից, հիմա ԱԺ պատգամավոր, բայց առողջապահության ոլորտի հետ առնչություն չունեցող (ԱԺ այդ հանձնաժողովի անդամ) Էմմա Պալյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա ՔՊ-ական կանայք պայքարում են հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Այսպիսով՝ ArmLur.am-ը գրել էր, որ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Լուսինե Բադալյանը, ի համերաշխություն վերջերս մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանի, հրաժարվել է զբաղեցնել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթեթի տեղեկություններով՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարում են ՔՊ-ական պատգամավորներ Էմմա Պալյանը եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը խմբակցությունում ասել է, որ մտադիր է ինքնաառաջադրվել՝ որպես հանձնաժողովի փոխնախագահ. ու հենց այդ հաշվարկով էլ նա Արսեն Թորոսյանին առաջադրել է նախագահ, որպեսզի Թորոսյանն էլ իրեն պաշտպանի՝ փոխնախագահ դառնալու: Մինչդեռ, խմբակցության մեծ մասը այդ պաշտոնում ցանկանում է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին, որը գոնե բուժքույր է եղել, եւ քիչ թե շատ փորձ ունի բժշկական ոլորտում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս համաձայնել է առաջադրվել Արսեն Թորոսյանի հնարավոր տեղակալի պաշտոնում՝ մեկ պայմանով, եթե Էմմա Պալյանը չառաջադրվի, քանի որ ինքը, ինչպես հայտարարել է, չի պատրաստվում մրցել Պալյանի հետ, որը Ալեն Սիմոնյանի «մարդն» է այդ հանձնաժողովում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էմմա Պալյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանի թեկնածությունն ինքն է առաջադրել, ինչ վերաբերում է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվելուն՝ Էմմա Պալյանն ասաց. «Խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահի մասով որեւէ տեղեկություն չկա, ես այս պահին մտադրություն չունեմ առաջադրվելու»:
Նկատենք, որ այս պահի դրությամբ ԱԺ այդ կարեւորագույն հանձնաժողովը փաստացի չի ղեկավարվում:
Իսկ Արսեն Թորոսյանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կյանքը դժոխքի է վերածելու»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: