Դառը դեղահաբ՝ քաղցր օրերի համար․ կայացել է «Բեմ» ֆիլմի երևանյան պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեմ» լիամետրաժ դրամատիկ ֆիլմի երևանյան պրեմիերան։

Ֆիլմը համատեղ արտադրություն է՝ Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինոմատոգրաֆիստների կողմից։

Ֆիլմում նկարահանվել են այնպիսի սիրված և ճանաչված դերասաններ, ինչպիսիք են Խորեն Լևոնյանը, Վիվյեն Բաստաջյանը և այլոք։

Կիրքն ու դավաճանությունը մեկտեղված են բալետի աշխարհում։

Ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիսատեսի համար ամենակարճ ուղերձն այն է, որ հանդիսատեսը ֆիլմից զվարճանք չսպասի։

«Հանդիսատեսը պետք է պատրաստ լինի անկեղծ երկխոսության։ Ֆիլմն ուզում է խոսել հանդիսատեսի հետ, եթե հանդիսատեսը պատրաստ կլինի խոսել, ապա վերջում շատ լավ բավարարվածություն կզգա։ Եթե պետք է նստեն ու սպասեն, որ պետք է այս ֆիլմն իրենց զվարճացնի, ապա սա այդ ֆիլմը չէ։ Ես գիտեմ, որ հանդիսատեսին պետք է զվարճացնել և ես էլ եմ ցանկանում զվարճացնել, բայց սա այդ դեպքը չէ։ Եթե մարդը հիվանդ է, իրեն պետք է հաբ, ոչ թե զվարճանք։ Իմ կարծիքով մեր հասարակությունը մի փոքր ապաքինման կարիք ունի, դրա համար պետք է այս դառը դեղն ընդունի և հասկանա, որ այսպես չի կարելի անել»,- ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

Ֆիլմի գլխավոր դերասաններից Խորեն Լևոնյանը, ով Գաբրիելի դերակատարն էր «Բեմ» ֆիլմում, մարմնավորում էր բալետի պարողի, ուսուցչի կերպարը և լրագրողների հետ զրույցում նշեց, որ պրոֆեսիոնալ արտիստները, դերասանները պետք է կարողանան կատարել այն խնդիրը, որը դրված է իրենց առջև, այսինքն՝ գնալ, ուսումնասիրել և մտնել այդ մաշկի մեջ։

ArmLur.am-ի հարցին՝ համարո՞ւմ է ֆիլմը դեղահաբ մեր օրերի համար, պատասխանեց․

«Ֆիլմը, այո, դեղահաբ է, բայց երևի 30-40 տարվա դեղահաբ է, ուղղակի ուշ է նկարահանվել և այս թեմայի մասին ուշ են խոսել։ Նույնը շատ հանգիստ կարելի է նկարահանել թատրոնի մասին, թե ինչպես են մի խումբ մարդիկ փորձում իրենցից մի փոքր ավելի շատ հասկացողներին, սրտացավ մարդկանց ճանապարհը փակում և ասում, որ սխալ ես, մենք ենք ճիշտ և քո արածն այդքան էլ լավը չի, մեր արած հինը, որը մենք գիտենք և չենք ուզում քայլ առաջ անել ավելի կարևոր է մեզ համար»։

Այսպիսով, սա հերթական ֆիլմերից մեկն էր, որը ստիպում է հանդիսատեսին սթափվել և տեսնել այն իրականությունը, որը խնամքով թաքցնում են, իսկ դավաճանությունն էլ երբեմն կարող է կյանքեր արժենալ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս