Ադրբեջանը ՌԴ-ին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին։
Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս։
Ըստ Բաքվի՝ ապացույցը նաև այն է, որ նախկինում նման որոշում կայացվել է ամերիկյան USAID գործակալության հետ կապված և դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս կառույցը լուծարելու որոշումից առաջ։
«Մեր երկիրն ինքն է դարձել դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, երբ նման օգնությունը տրամադրվում է անթափանց սխեմաների հիման վրա, իսկ կազմակերպությունների կառուցվածքը բացահայտ հետախուզական բնույթ է կրում»,- նշել են աղբյուրները։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունն ուղղված է միջազգային հումանիտար համագործակցության պետական քաղաքականության իրականացմանը և արտասահմանում ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ օբյեկտիվ գաղափարի տարածմանը նպաստելուն: