Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ չնայած համաշխարհային տնտեսության առկա դժվարություններին՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում դրական միտումներ են արձանագրվում։
Այս մասին նա ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում։
«Մենք կարծում ենք, որ, չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բոլոր բարդություններին, ընդհանուր առմամբ մեր երկրների միջև միտումը դրական է։ Այսօր ավելի մանրամասն կանդրադառնանք 2025 թվականի թվերին և ցուցանիշներին, ինչպես նաև այն ուղղություններին, որոնք նախատեսված են առաջիկա ժամանակահատվածի համար», – ասել է Բայրամովը։
Նշենք, որ Բայրամովի և Լավրովի հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները վերջին շրջանում անցել են լարված փուլով՝ կապված մի շարք հարցերի, այդ թվում՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքների հետ։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը։
Անի Վարդանյան




























