Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Ջոն Խալաթյանի դատական գործը: Այն քննվում է դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում:
Նշենք, որ 19-ամյա Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում փոխադարձ կատակների կապակցությամբ վիճաբանել է անչափահաս Կարեն Մարգարյանի հետ: Վիճաբանության ընթացքում վերջինս ապտակել է Ջ. Խալաթյանին:
Վերոհիշյալ միջադեպից իրեն նվաստացած զգալով` նույն օրը Խալաթյանը տանից իր հետ վերցրել է ծալովի դանակ, իմանալով, որ Ջրվեժ Մայակ թաղ. 2 շենքի դիմաց Կ. Մարգարյանի հորաքույրը ունի տաղավար ու նա պարբերաբար այցելում է այնտեղ, ժամը 16:10-ին կանչել է Մարգարյանին և կյանքից զրկելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է նրան: Պատճառված վերքերից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Մարգարյանը մահացել է:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի չափանիշներով: