
Կառավարությունը հետ կանգնեց սեփական համոզմունքներից, և փետրվարի 27-ի կառավարության նիստում 6 ամսով հետաձգվեց հարկային օրենսգրքի փոփոխությունները։
Բանն այն է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՕ-340-Ն և ՀՕ-285-Ն հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնցով խստացվել են շրջանառության հարկի ռեժիմում գործողների համար վարչարարությունը և կրկնակի անգամ բարձրացվել են շրջանառության նկատմամբ հաշվարկվող դրույքաչափերը, լուրջ դժգոհություններ էին առաջացրել ՓՄՁ-ների շրջանում։
Նախորդ տարին տնտեսվարողների, փոքր և միջին բիզնեսմենների համար ավարտվեց խուճապով, քանի որ ՀՀ կառավարության ընդունած օրենքի համաձայն՝ 2025 թվականից պետք է ավելանար Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, ընդ որում շատերի դեպքում՝ հենց կրկնակի։ Շրջանառության հարկը պատրաստվում էին բարձրացնել 5-ից մոտ 10 տոկոսով։
2025 թվականը մեկնարկեց բողոքի ակցիաներով․ խոշոր շուկաների՝ Ոսկու շուկայի, Մալաթիայի շուկայի, Առինջի շուկայի տնտեսվարողները՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, 2-3 շաբաթ անդադար պայքարում էին հարկային օրենսգրքի փոփոխության դեմ։ Կառավարությունում Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարների և ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո Ազգային ժողովում նախաձեռնվեց քննարկում։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խումբը փետրվարի 7-ին արտահերթ քննարկումով անդրադարձել էր ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին: Բազմաթիվ բողոքներից հետո, այդ նույն օրը Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ հարկային օրենսգրքի տնտեսվարողներին ցանկալի փոփոխությունները չեն լինելու և հստակ ձևակերպեց, որ օրենքն անժամկետ ոչ մի դեպքում հնարավոր չէ հետաձգել։
Փետրվարի 27-ին կառավարության նիստում, սակայն, ամեն բան փոխվեց հօգուտ տնտեսվարողների․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «շրջանառության հարկ վճարողների համար վեցամսյա անցումային շրջան ենք սահմանում՝ մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ»։
Համաձայն այս որոշման՝ շրջանառության հարկ վճարողների համար վեց ամիս անցումային ժամանակաշրջան կսահմանվի։ Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց․
«Հարկման նոր կանոնների պայմաններում ժամանակավոր բնույթ ունեցող խնդիրն այն է, որ առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողներից շատերը 2025 թվականի հունվարի մեկի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերված զգալի ապրանքային մնացորդներ, որոնց համար կա՛մ չունեն ձեռբերումը հիմնավորող փաստաթղթեր, կա՛մ ունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչեւ 2025 թվականի հունվարի մեկը շրջհարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով՝ ներկայիս 9,5 տոկոսի չափով նվազեցման հնարավորության փոխարեն։ Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի ներկա անցումային ժամանակաշրջանում, որը մեր գնահատմամբ ընդգրկելու է 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակները, կառավարությունն աջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները։ Այս համատեքստում շատ կարեւոր է, որպեսզի շրջհարկ վճարողները, օգտագործելով կառավարության աջակցության այս անցումային ժամանակաշրջանը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի մեկից հետո ձեռքբերումները եւ այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաեւ կարող է լինել հարկային բեռի նվազեցում»։
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ըստ էության մենք վեցամսյա անցումային շրջան ենք նախատեսում՝ մինչեւ հուլիսի մեկը ներառյալ։ Ինչքան 5 տոկոսից ավելի հարկ կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»։
Ըստ էության՝ այս հետ քայլով կառավարությունը նաև վայր դրեց զենքերը և ենթարկվեց տնտեսվարողների ճնշումներին։
Էմմա Միքայելյան