
Դարեր շարունակ շատերի համար հույսի, բժշկվելու և իղձերի կատարման յուրօրինակ նմուշ դարձած Շուրիշկանի ավետարանն այսօր Մաշտոցյան մատենադարանի բացառիկ գանձերից մեկն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարանի Ձեռագրատան ավագ ֆոնդապահ Գայանե Խաչատրյանը նշել է, որ Շուրիշկանի ավետարանը մեծ համբավ է վայելում և հայտնի է որպես խնդրակատար-ախտահալած ավետարան:
Շուրիշկանի ձեռագիր Ավետարանը գրվել և նկարազարդվել է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում. այն գրել և նկարազարդել է Բարսեղ քահանան: Ավետարանը, որը գրվել է ավելի քան 520 տարի առաջ, շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:
«Ավետարանը բաղկացած է 322 թերթերից, գրված է գեղեցիկ բոլորգրով, այն պատկերազարդ է, պահպանվել են ավետարանիչների երեք մանրանկարները, կիսախորան անվանաթերթերը և զարդագրությունները: Մեծ պատմական արժեք է ներկայացնում Ավետարանի հեղինակի բավականին ընդարձակ հիշատակարանը, որը տալիս է տեղեկություն ավետարանի ստեղծման բարդ և ծանր ժամանակաշրջանի և միջավայրի մասին»,- ասել է ավագ ֆոնդապահը:
Ըստ դարերից մեզ հասած պատմությունների՝ ժողովուրդը վստահ է եղել, որ Ավետարանի սուրբ զորությունն է իրենց օգնել դժվարությունները հաղթահարելու հարցում:
Մասնագետի խոսքով՝ Ավետարանի համբավը տարածված է եղել ոչ միայն հայ ազգաբնակչության շրջանում, այլև օտարազգիների: Շատերը զուգահեռներ են տանում հայ ժողովրդի և Ավետարանի ճակատագրերի միջև. այն , գրված լինելով Վասպուրականում, հայտնվել է Պարսկաստանում և ի վերջո վերադարձել Հայաստան:
Գայանե Խաչատրյանն ընդգծել է՝ հաշվի առնելով Ավետարանի պահանջված լինելը, 2002 թվականից մինչ օրս ամեն տարի Շուրիշկանի Ավետարանը մեկ օրով դուրս է բերվել և տարվել Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի, բայց այս տարի Մատենադարանի բացառիկ ցուցադրության շնորհիվ Ավետարանի հանդեպ մեծ հավատ ու սեր ունեցող քաղաքացիները, մարտի 10-ից սկսած, մեկ ամիս հնարավորություն ունեն այցելելու և տեսնելու այն: