Armenian text to speach

1918 թվականն է կրկնվելու, ՀՀ-ն թուրքական աշխարհի ներսում՝ առանց ապագայի որևէ հեռանկարի. ադրբեջանագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am լրատվականը հարցազրույց է ունեցել ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

Պարո՛ն Այվազյան, 2020 եւ 2023 թվականներից հետո Ադրբեջանն օկուպացված Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում, որի ժամանակ, իրենց իսկ սխալների հետեւանքով, զոհեր է ունենում։ Օրերս Ադրբեջանը դիմեց միջազգային կազմակերպություններին եւ պահանջեց պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ իբրեւ թե ոչ ճշգրիտ քարտեզներ տրամադրելու մեղադրանքով։ Նկատենք, որ Խաղաղության պայմանագիր կնքելու շեմին Հայաստանը միջազգային կառույցներից հետ է վերցնում բոլոր հայցերն ընդդեմ Ադրբեջանի, մինչդեռ Ադրբեջանը նոր անհիմն հայցեր է ներկայացնում։ Խնդրեմ Ձեր գնահատականը. ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջանը։

-Ադրբեջանը հետեւողական է իր այն քաղաքականությանը, որ փորձում է հող նախապատրաստել՝ իրենց համար պատեհ ժամանակ ՀՀ-ի հանդեպ ագրեսիա կիրառելու։ Ադրբեջանի նման քաղաքականության մասին են խոսում վերջին շրջանում սահմանային գոտում սրացումները եւ մեղադրանքների սլաքները ՀՀ-ի վրա ուղղելու քայլերը։ Նույն այդ շարքին է պատկանում այսպես կոչված «ադրբեջանցի գաղթականների վերադարձը Հայաստան», Սահմանադրության փոփոխությունը եւ այն խայտառակ դատավարությունները, որ տեղի են ունենում Բաքվում։

Ադրբեջանը ուժի կիրառմամբ փորձում է իր մոտ պահվող պատանդներից ցուցմունքներ կորզել ՀՀ-ի դեմ, որոնք իրեն հնարավորություն կտան նոր հայցեր ներկայացնելու միջազգային կազմակերպություններին։ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ցույց տալ ու ստիպել աշխարհին, որ Հայաստանը ճանաչեն որպես ագրեսոր։

Այս ողջ տրամաբանության մեջ կարող ենք դիտարկել նաեւ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման խնդիրը։ Ադրբեջանական կողմը քաջ գիտակցում է, որ ՀՀ-ն իր ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը արդեն իսկ փոխանցել է իրենց՝ որպես «բարի կամքի դրսեւորում»։ Հայկական կողմն էլ առանց նախապայմանների, առանց գոնե մեկ գերու վերադարձի պահանջի հանձնեց այդ քարտեզները։ Նրանց նպատակը մեկն է՝ իրագործել թուրանական միջանցքի գաղափարը, զավթել Վայոց Ձորը, Տավուշի մարզը, Սեւանի ավազանի առնվազն կեսը, որ, ըստ Ադրբեջանի Սահմանադրության, իրենց տարածքային մասն է կազմում։ Մենք այս պարագայում պետք է շեշտը դնենք Արցախի հարցի վրա եւ ճիշտ գործենք, մինչդեռ Ադրբեջանն է փորձում առաջ բերել «Արեւմտյան Ադրբեջան» գաղափարը եւ իրագործել  իրենց նպատակը։

Պետք է առերեսվենք իրականության հետ։ Մենք գործ ունենք 20-րդ դարասկզբի՝  Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի կրկնության հետ։ Առաջարկվող Խաղաղության համաձայնագիրը հավասար է Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերին, ըստ որոնց՝ Հայաստանն ընդամենը թուրքական աշխարհի ներսում 10 ք/կմ-ով տարածք է՝ առանց ապագայի որեւէ հեռանկարի։

Եթե Խաղաղության պայմանագիրը կնքվի, ի՞նչ է այն տալու Հայաստանին։ Խնդրեմ ներկայացրեք դրական եւ բացասական կողմերը։ Ի՞նչ է շահելու եւ ի՞նչ է կորցնելու Հայաստանը։

Մենք պետք է հասկանանք, որ Խաղաղության պայմանագրի մասին խոսք անգամ չկա, դա հավասարեցված է համաձայնագրի, որոնք տարբեր երեւույթներ են։

Պաշտոնապես ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը պատերազմ չեն հայտարարել, որ հիմա էլ խաղաղություն հաստատեն։ Այդ փաստաթուղթը, միանշանակ, կռվան կհանդիսանա ադրբեջանական կողմի համար, որ իբրեւ թե հայկական կողմն ավելի քան 30 տարի զավթել է ուրիշի հողերը։ Այսինքն դա փորձ է՝ միջազգային ատյաններում Հայաստանին ներկայացնելու որպես բռնազավթիչ։ Այդ թղթի կտորը խաղաղություն չի բերելու ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ տարածաշրջանին։ Պետք է նաեւ նշել, որ այդ թղթի կտորը ոչինչ չի պարտադրում Ադրբեջանին։ Փաստաթուղթը Հայաստանի համար հղի է լրջագույն վտանգներով՝ կապված ռեպերացիաների եւ ՀՀ-ին տարբեր միջազգային ատյաններում պատասխանատվության կանչելու հետ։ Չմոռանանք մի կարեւոր հանգամանք եւս. Արցախյան շարժման ժամանակ սկսվեց վերակենդանանալ հայկական պետականություն ունենալու, ՀՀ անկախության վերականգնման խնդիրը։ Այս երկու հարցերը միաձուլված են իրար եւ չենք կարող տարանջատել։ Հրաժարվելով Արցախյան շարժումից՝ հրաժարվում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետությունից։

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար հայկական դիրքերի ուղղությամբ նաեւ կրակ է բացում։ Ի՞նչ նպատակով է Ադրբեջանը սահմանում խախտում հրադադարը։ Պատերա՞զմ են հրահրում։

-Ադրբեջանը, իզուր չէ, որ այդ սահմանագիծը պայմանական է համարում։ Ըստ էության՝ ադրբեջանական կողմը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Պետք է հիշել, որ անգամ ապօրինի խորհրդային սահմաններով, այսինքն՝ ըստ 1921 թվականի Մոսվկայի եւ Կարսի պայմանագրի տվյալների, չի ճանաչում Հայաստանի սահմանը։ Այո՛, Ադրբեջանը հատուկ հրահրում է միջադեպեր, խախտում հրադադարը։ Ըստ էության՝ մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ պատերազմը չի էլ դադարել։ Պատերազմն առ այսօր էլ շարունակվում է։ Այստեղ նաեւ պետք է գիտակցենք, որ 2020 թվականից սկսված եւ առ այսօր էլ շարունակվող պատերազմը ոչ թե Արցախի համար էր, այլ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Ուստի պատերազմի վերսկսման հավանականությունը շատ փոքր չէ։

Նանիկ Աղասյան




Լրահոս