Ինչպես ArmLur.am-ը հայտնել էր՝ մայիսի 12-ից Գորիսի պետական քոլեջում դասադուլ և գործադուլ էր։ Պահանջվում էր վերանայել կառավարության որոշումը և քոլեջների միացման դեպքում ոչ թե տնօրեններից մեկն այն ղեկավարեր, այլ նոր տնօրեն նշանակվեր ով կապ չեր ունենա քոլեջի հետ։«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը պատմել է, թե այժմ ինչ իրավիճակ է քոլեջում։
«Քոլեջում առաջդրվելու է նոր անձ ով կապ չի ունենա Գորիսի և Սյունիքի ՔՊ-ական պատգամավորների հեր։ Կիրականացվեն քննություններ, որի արդյունքում պարզ կլինի թե ով կնշանակվի պաշտոնին։ Կառավարությունը հաստատել է որոշումը»։
Լազարյանը նույնպես կմասնակցի քննությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ Հայաստանի կրթական համակարգում անհանգիստ մթնոլորտ է և Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունացել։
Բանն այն է, որ Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն, պետք է միաձուլվեն:
«Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն եւ ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։ Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն»,- նախկինում ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր Կարեն Լազարյանը։
Ըստ նրա շշուկներ էին տարածվել Սյունիքում, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, նա կդառնա տնօրեն։
Կարեն Լազարյանը փաստել էր, որ խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։
«Խոսակցությունները մարզում այնպիսին են, որ այս ամենն իրականացվում է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ Սյունիքի մարզպետի (Ռոբերտ Ղուկասյան) ձեռամբ։
Իրենք են, այսպես ասած, երաշխավորել, որ գյուղատնտեսական քոլեջից են լինելու ղեկավար կազմում»,- ասել էր Լազարյանը։
Այժմ քոլեջը սպասողական վիճակի մեջ է։
Մարիանա Սարգսյան

























































































