Ինչո՞ւ են հալածված ադրբեջանցիները ձգտում Հայաստան գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի Հանրապետությունից ապասատան հայցող ադրբեջանցի Օրուջև ընտանիքի հայցը բավարարվել է: 

Հիշեցնենք, որ 5 հոգուց բաղկացած ադրբեջանցի ընտանիքի հայրը ՝ Ջավիդ Օրուջևը, հունվարի 29-ին դիմել էր հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ՝ Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելով:

Երեկ emedia.am-ը  գրել էր, որ մեկ այլ  ադրբեջանցի` Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը, հայտարարել էր, որ կգա Հայաստան ու կանցնի հայերի կողմը, եթե իր բողոքը չքննեն:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից armlur.am-ը հետաքրքրվեց`ադրբեջանցիների` Հայաստան գալու միտումն ինչով էր պայմանավորված,  ինչու նրանք չեն ձգտում գնալ ավելի ժողովրդավար երկրներ, եթե հայրենի հողում խնդիրներ ունեն:

«Չեմ կարծում, որ մի քանի դեպքը կարելի է մասսայական համարել: Ադրբեջանը լքում են նրանք ոչ լավ օրից: Հնարավոր է՝ հայերի՝ փախստականների հանդեպ մարդասիրական մոտեցումն է հույս տալիս խնդիրներ ունեցող ադրբեջանցիներին, որ նրանք Հայաստանից կարող են անվտանգ այլ երկիր հեռանալ կամ հաստատվել Հայաստանում»,- ասաց  քաղաքագետը:

-Արդյոք Օրուջևի ընտանիքի հաստատումը Հայաստանում նախադեպ չի՞ ստեղծի, որ այստեղ հաստատվեն ադրբեջանցի այլ հալածյալ ընտանիքներ:

-Այո՛,  որոշ ադրբեջանցիներ կձգտեն Հայաստան գալ: Բայց դա այդքան էլ հեշտ գործ չէ սահմանն անցնել ու Հայաստան գալ: Բացի այդ` ոչ բոլորը կունենան համարձակություն գալ Հայաստան: Այսինքն` խոսել նրա մասին, որ Հայաստանը խնդիր կունենա մեծ թվով ադրբեջանցի փախստականներ ընդունելու, այդպես չէ, նման սպառնալիք չկա:

-Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանն օրերս հայտարարել էր, որ գերի եղած ժամանակ Բաքվում իր հետ վատ չեն վարվել: Կարելի՞ է ենթադրել, որ  ադրբեջանցի փախստականների նկատմամբ Հայաստանի մարդասիրական վերաբերմունքն է եղել պատճառը, որ Խոջոյանն անվնաս հետ վերադարձավ, թե՞  դե արված էր PR նպատակով:

-Ո՛չ, խնդիրն ամենևին էլ փոխադարձ հարգանքը չէ կամ մարդասիրական վերաբերմունքը: Ադրբեջանը շատ լավ հասկացավ, որ Մամիկոն Խոջոյանի ու տարիներ առաջ կտտանքների ենթարկված ու սպանված Մանվել Սարիբեկյանի հարցը մեծ աղմուկ է հանում  միջազգային հարթակում և բացասաբար անդրադառնում Ադրբեջանի վրա:

-Արդեն երկար ժամանակ է, որ Ինջիղուլյանը գտնվում է Ադրբեջանում: Ի վերջո, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ-ը՝ նրան հետ բերելու համար, և ե՞րբ դա տեղի կունենա:

-Դժվար է ասել, երբ Ինջիղուլյանը կլինի Հայաստանում: Մի քիչ անկանխատեսելի են ու տրամաբանությանը չեն ենթարկվում Ադրբեջանի գործողությունները՝ ռազմագերիների հետ կապված: Հայկական կողմը պարտավոր է հետևողական լինել, որպեսզի հետ վերադարձնի Ինջիղուլյանին:

-Բայց համաձայնե՛ք, որ Հայաստանը, կարծես թե, բավարար քայլեր  չի ձեռնարկում այդ ուղղությամբ:

-Սա այն դեպքն է, երբ մեխանիզմներ չկան Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու: Միակ միջոցն Ադրբեջանի հետ բանակցելու Կարմիր խաչն է, և Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է: Աշխատանք պետք է տարվեն նաև ԵԱՀԿ ՄԽ-ի և հումանիտար առաքելություն կատարող միջազգային կազմակերպությունների կողմից:

Սոնա Դավթյան




Լրահոս