«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ինչպես նաև` Էստոնիայի մշակույթի նախարարության և Էստոնիայի կառավարության մշակույթի հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև` Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ մարտի 15-ից ապրիլի 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին էին մեկնել հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը:
Նկարիչներն այցի շրջանակներում աշխատել են Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայի երկու արվեստանոցներում: 2014-ի ապրիլի 10-ին Էստոնիայի Ազգային գրադարանում բացվեց հայ նկարիչների «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վարդանյանը և Տիգրան Կիրակոսյանը` Տալլինում» ցուցահանդեսը:
Այսօրվա մամլո ասուլիսում նկարիչ Արման Վահանյանն ասաց, որ սա իրենց երկրորդ այցն է Էստոնիա. «Աշխատեցինք ինտեսիվ, մոտ մեկ ամիս: Ժամանակը չէր հերիքում»:
Տիգրան Կիրակոսյանի խոսքով` այցը ոչ միայն աշխատանքային էր, այլև` ճանաչողական, երբ ծանոթանում ես Էստոնիայի մշակութային ու պատմական արժեքներին:
Armlur.am լրատվականը հետաքրքրվեց` հայ ժամանակակից արվեստի ոլորտում հաճախ են կազմակերպվում նման այցեր, և եթե առիթ լինի, Հայաստանը կարող է նման էստոնացի նկարիչների հրավիրել այստեղ:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանն ի պատասխան ասաց, որ որքանով ինքն է տեղեկացված, ցավոք սրտի, նման այցերը հաճախ չեն լինում, որի պատճառով օտարները քիչ գիտեն հայ ժամանակակից արվեստի մասին: «Ճանաչողական այցերին պետք է նպաստեն նաև պետական կառույցները: ԽՍՀՄ-ից հետո մեզ մոտ գրաֆիկայի արվեստանոցները չեն գործում այնպես, ինչպես նախկինում, հաստոցներ ու մասնագետներ չկան»,- մանրամասնեց Սոնա Հարությունյանը:
Ցուցահանդեսին մասնակցած նկարիչ Արման Վահանյանի խոսքով էլ գրաֆիկայի մասնագետների բացակայությունը պայմանավորված է մշակութային քաղաքականության ու պետության աջակցության բացակայությամբ: «Հատկապես տպագրական գրաֆիկան գեղարվեստի ակադեմիայում պետք է դնել ավելի հիմքերի վրա: Մեզ մոտ կտավի վրա յուղաներկ քսելը բնական է, բայց դա դեռ գրաֆիկա չէ, մենք դեռ գրաֆիկայից շատ ենք հեռացել»,- ասաց նկարիչը:
Մյուս նկարիչ Տիգրան Կիրակոսյանն էլ ասաց, որ եթե ինքը լիներ համապատասխան պետական կառույցի ներկայացուցիչ, ապա կամաչեր, որ մասնավոր մի կառույց կարողացել է նման աշխատանք անել ու ցուցահանդես կազմակերպել: