«Գլխի ընկնելու բան չկար, ՕԵԿ-ը շարժիչ ուժ չի էլ եղել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը սառնասրտորեն է վերաբերվում, քանի որ քաղաքական մեծ ուժ չեն:

«Ներկայացված պատճառը մի տեսակ անընկալելի է նեղացվածության կերպարի հետ: Ըստ երևույթին, գաղափարական միասնություն չեն էլ զգացել ՀՀԿ-ի հետ: Էմոցիոնալ պոռթկում է, որը ցույց է տալիս նրանց թաքնված նկրտումները», – նշեց նա:

Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի՝ կոալիցիա մտնելը տակտիկական քայլ էր:

«Նախընտրեցին օգտագործել ՀՀԿ-ի հեղինակությունը և բավականին ձայներ հավաքեցին ու կարողացան ԱԺ մտնել: Կասկած չկա, որ պատրաստվում են հաջորդ նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նրանց նպատակը, այն է՝ իշխանության գալը:

Բադեյանի խոսքերով՝ ՕԵԿ-ի պահվածքը պայմանավորված է էմոցիոնալ պոռթկումներով:

«Պետք չէ որպես թշնամի ընկալել, կան միջանձնային հարաբերություններ, դրանք նորմալ են: ԱԺ պատգամավորները երբեք թշնամի չեն եղել, մեկ-մեկ էլ իրար կենաց են խմում, ու ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում», – նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ՕԵԿ-ը դուրս եկավ, քանի որ նրանց խոսքը շատ դեպքերում հաշվի չէր առնվում, Բադեյանը նշեց.

«Կար ժամանակ, որ ձեռնտու էր, հիմա ուրիշ խնդիրներ են դրվում, գլխի ընկնելու բան չկար այստեղ: Իրենք միշտ էլ իմացել են, որ շարժիչ ուժ չեն եղել»:




Լրահոս