ՀՀ Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին հրապարակել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությանը վերաբերող որոշումը: ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նաև «պարտադիր» բաղադրիչը: ՍԴ-ն նաև որոշում էր կայացրել, ըստ որի վճիռն ուժի մեջ կմտնի միայն սեպտեմբերի 30-ից հետո: Այսինքն, դա ենթադրում էր, թե կուտակային վճարումները շարունակվելու են կատարվել:
Երեկ էլ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչեւ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։ Սա էլ ենթադրում է, թե այս ընթացքում պարտադիր կուտակային պահումներ կատարած անձինք չեն տուգանվի:
Armlur.am-ը զրուցեց մի քանի գործատուների հետ` հասկանալու համար, թե այնուամենայնիվ, նրանք ՍԴ-ի որոշումից հետո շարունակում են պահումներ կատարել, թե` ոչ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք շարունակում են շարժվել օրենքով և կատարում են պարտադիր պահումները:
Նշենք, որ թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը նշել էր, թե իրենք պարտադիր պահումները կատարում են, սակայն չեն փոխանցում համապատասխան ֆոնդերին: Փոխտնօրենը նշեց, թե իրենք հիմա էլ շարունակում և դեռ շարունակելու են այդպես վարվել: Պարող Աղաբաբյանը դեռևս չգիտեր Հովիկ Աբրահամյանի որոշման մասին, և նշեց, թե իրենք լինելով պետական թատրոն կարող են այլ կերպ վարվել միայն Մշակույթի նախարարության համապատասխան թույլտվությունից հետո:
«Տաշիր ինվեստ գրուպ» ընկերության ֆինանսիստ Աշոտ Վարոսյանը մեզ հետ զույցի ընթացքում նշեց, որ իրենք պահումներ չէին կատարում նաև ՍԴ որոշումից առաջ:
«Մենք առհասարակ դեռ պահումներ չենք արել», – նշեց նա:
«Նուշիկյան ասոցիացիա»-ից էլ մեր հարցին միայն պատասխանեցին, թե իրենք հեռախոսով այդպիսի հարցերի չեն պատասխանում:
«Աշտարակ կաթ» ընկերությունից էլ մեր գրավոր հարցմանը պատասխանեցին այսպես.
«Աշտարակ-Կաթ ընկերությունը կուտակային պահումները և վճարումները կատարելու է՝ հիմք ընդունելով Կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրությունն ու ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն առ այն, որ վերը նշված օրենքի առանձին կետերի ուժը կորցրած համարվելու ժամկետ է սահմանվել 2014թ. սեպտեմբերի 30-ը: Օրենքի կասեցման և դրա ավարտի միջև ընկած ժամանակահատվածի կուտակային վճարումները կկատարվեն օրենքով սահմանված կարգով»:
Նաիրա Հովհաննիսյան