ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 311 մլն 785 հազար դրամ (մոտ 820 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել։
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Արդեն երրորդ տարին անընդմեջ այն կայանում է՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:
Փառատոնն այս տարի մեկնարկել է օգոստոսի 23-ին Արտաշատում, որտեղ ելույթ է ունեցել երգիչ Սարո Թովմասյանը (Սարո), իսկ համերգը կայացել է Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Այս ելույթի համար Karen Sevak Band-ին վճարվել է 10 մլն դրամ, իսկ Սարո Թովմասյանին՝ 10 մլն 44 հազար դրամ։
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Այս միջոցառման համար Karen Sevak Band-ին վճարվել է կրկին 10 մլն դրամ, իսկ Հարութ Փամբուկչյանին եւ մենեջերին, ներառյալ նրանց ավիատոմսերի գումարը, վճարվել է 19 մլն 848 հազար դրամ։
Նախորդ տարի «Ֆեստիվառ» նախագծի համար վճարվել էր 180 մլն դրամ, իսկ այս տարի գումարի չափը գրեթե կրկնապատկվել է, քանի որ ԿԳՄՍՆ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը նաեւ վճարել են որոշ արտիստների՝ Հայաստան ժամանելու եւ մեկնելու ծախսերը։
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ Պետական գնումների կայքից, միայն Արմավիրի համերգային ծրագրի համար հատկացվել է 109 մլն դրամ։
Այսպիսով՝ ծրագրի երաժշտական նվագախմբում ընդգրկված 70 անձի վճարվելու է 8,5 մլն դրամ:
«Ֆեստիվառ» միջոցառման գովազդային եւ տպագրական ծախսերի, առաջխաղացման կազմակերպման ծառայությունների համար հատկացվել է 10,8 մլն դրամ։
Կարճ ասած՝ դասագրքերի տպագրությունը ԿԳՄՍՆ-ն տապալում է, բայց պետբյուջեի միջոցները շռայլորեն բաշխում է համերգներ կազմակերպելու համար:
Լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսման 7-րդ տարին, ու այդպես էլ անհայտ մնաց՝ ով կամ ովքեր գաղտնալսեցին բարձրաստիճան պաշտոնյաներին ու ինչպես ձայնագրությունը հայտնվեց համացանցում։
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2 տարի է վերսկսվել է հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով թողնում իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն ու ավարտեն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ sms-ով պաշտոնից ազատված Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր, ու քննությունը մինչ օրս շարունակվում է:
Թե ինչ ավարտ կունենա, թերեւս դժվար չէ կանխատեսել:
Դեռեւս 2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քրեական վարույթով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ մինչ օրս չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: 7 տարի անց քրեական գործով չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող:
Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին. ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ տարակուսել հայրենի իրավապահ համակարգի կարողության վերաբերյալ:
ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը դատական համակարգում շոկային է եղել: Պարզվում է, որ դատական համակարգի շատ դատավորներ խաբված են համարել իրենց։ Ինչո՞ւ:
Բանն այն է, որ 2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը, ու թեկնածուն էր Արմեն Դանիելյանը։ Նա հայտարարել էր, որ եթե ընտրվի ԲԴԽ անդամ, խոստանում է, որ առաջխաղացման ցուցակում չի ներառվի, կմնա իր տեղում: Եվ դատավորները, լսելով նրա ելույթը, քվեարկել էին նրա օգտին ու ընտրել ԲԴԽ անդամ։
Սակայն Դանիելյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության շատ պաշտոնյաներ, խաբել է: Մեկ տարի անց նա հայտնվեց առաջխաղացման ցուցակում, եւ ՔՊ -ն էլ ընտրեց նրան Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, որպեսզի Դանիելյանը նշանակվի դատավոր։
Դատական համակարգում երեկ մասնակից բոլոր դատավորները իրենց խաբված համարեցին:
Ինչո՞ւ Արմեն Դանիելյանը խաբեց դատավորներին. այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում փորձում էր ստանալ անձամբ նրանից, սակայն Դանիելյանը հորդորեց բոլոր հարցերով դիմել դեպարտամենտ՝ այդպիսով հրաժարվելով պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն էին ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավորներ Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։
Երեկվա ընտրությունը ուշագրավ էր նրանով, որ այս քվեարկությունը պետք է տեղի ունենար գարնանը, սակայն հետաձգվեց, եւ այդ հետաձգումը «գին» ուներ:
Քաղաքական իշխանությունը այդ ժամանակ արձակուրդի պատրաստվող դատավոր Արմեն Դանիելյանի արձակուրդը հետաձգեց, դատական բաշխիչ համակարգիչն էլ նրան ընտրեց, որ քննի գործարար-բարերար Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը: Բնականաբար, Դանիելյանը մերժեց գործարարին կալանքից ազատելու հայցը, եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս անազատության մեջ է ու պահվում է ԱԱԾ մեկուսարանում։
Այդ «անձնազոհության» համար ՔՊ պատգամավորները երեկ Դանիելյանի համար կարիերայի աճ ապահովեցին:
«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ ՀԷՑ-ը դեռեւս չի հրապարակել, թե յուրաքանչյուր քաղաքացի ամսական կտրվածքով որքան պետք է վճարի ծախսած հոսանքի համար: Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ սա աննախադեպ է. երբեք նման բան չէր եղել, միշտ ամսվա սկզբին կոմունալ բոլոր վճարումները հրապարակվել են, իսկ հիմա լույսի վարձավճարների ծանուցումը չկա: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, ինչն է խնդիրը: Վերջինս հայտնեց. «Գործը ընթացքում է, ժամկետների մեջ։ Մենք լրացուցիչ ստուգողական աշխատանքներ ենք անում՝ նոր հրապարակում, որպեսզի զերծ մնանք անճշտություններից»:



















































































