Այս տարի սեպտեմբերի 27-ին լրանալու է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ 2020 թվականին մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան ժամը 07։10-ին։
Մարտական գործողություններն ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Պատերազմը տևել է 44 օր և ավարտվել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլացիոն համաձայնագրով։
Պատերազմի ընթացքում հայկական կողմը տվել է շուրջ 5000 զոհ։ Առ այսօր կան անհետ կորածներ և գերեվարվածներ։
2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց կապիտուլացիոն համաձայնագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ նախկին ԽՍՀՄ կազմում գտնված ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Բերձորի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր։
2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 թվականին, Ադրբեջանական զինված ուժերը ներխուժում են նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, ինչպես՝ Կութ, Վերին Շորժա, Իշխանասար։
44-օրյա պատերազմից երկու տարի անց Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսում Ջերմուկի ուղղությամբ։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 13-ին և տևել են մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս նույն օրերին ռազմական գործողություններ են ընթացել նաև Կապանի, Գորիսի, Վարդենիսի և Սոթքի հատվածներում։ Ջերմուկի դեպքերի ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը ունեցավ 135 զոհ, 7 ռազմագերի նույնականացվել է և չի բացառվում, որ կան էլի գերեվարվածներ։ Հրթիռակոծության հետևանքով վնասվել է 200 տուն, իսկ 60-ը՝ լիովին ավերվել։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ Ջերմուկի դեպքերի ժամանակ Հայաստանն ունեցավ տարածքային կորուստներ, որոնք առ այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Թեև Ջերմուկ քաղաքն ինքնին չի անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, սահմանագծման գործընթացից հետո ադրբեջանական զինված ուժերը առավել մոտեցել են Ջերմուկին, ինչը տեղացիների շրջանում առաջացրել է անվտանգության մտավախություններ։
Ջերմուկի դեպքերից մեկ տարի անց մարտական գործողությունները կրկին տեղափոխվեցին Արցախ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել Ստեփանակերտը, իսկ մինչ այդ Մարտակերտի շրջանի որոշ գյուղերի ուղղությամբ արդեն կրակ էր բացել և կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր։
Սեպտեմբերի 20-ին երկու կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց դադարեցնել կրակը, սակայն մինչ սեպտեմբերի 21-ը Ստեփանակերտի մատույցներում շարունակվում են ռազմական գործողությունները։ Արցախա-ադրբեջանական վերջին պատերազմի ժամանակ Արցախը տվել է շուրջ 224 զոհ, 17 անհետ կորած, կան գերեվարվածներ։ Արցախի հայաթափման ժամանակ գերեվարվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
Արցախյան վերջին պատերազմին հաջորդեց Արցախի հայաթափումը, որի ժամանակ էլ սեպտեմբերի 25-ին Հայկազովի զորամասի վառելիքի պահեստամասում տեղի ունեցավ պայթյուն։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը 270 է, կան նաև անհետ կորած համարվող անձինք։
Բռնի տեղահանված արցախհայության հիմնական մասն ապաստարան գտավ մայր Հայաստանում։
Նանիկ Աղասյան





























