Armenian text to speach

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ ԷՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՄԱՆԸ». ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստան-դրբեջան հարաբերությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ։

-Պարո՛ն Ղազարյան, վերջերս անդրադարձել էիք Նաիրի Զարյան 17ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքին։ Դուք նշել էիք, որ խորհրդային տարիներին այն ծառայել է Ադրբեջանին՝ որպես դրամատիկական թատրոն, եւ փոխանցել էիք մտահոգությունը, թե հիմա այդ շենքը կարող են խլել ու «Խաղաղության պայմանագրի» հաստատումից հետո տրամադրել Ադրբեջանին՝ դեսպանատուն դարձնելու նպատակով։ Կմանրամասնե՞ք` ինչ իրավիճակ ունենք։

-Ես չեմ կարծում, թե այդ շենքում Ադրբեջանը դեսպանատուն կբացի։ Ավելի հավանական է, որ դեսպանատունը տեղակայվի Հանրապետության հրապարակում։ Այդ ուղղությամբ կառավարությունն արդեն որոշում է կայացրել.  ստեղծվել է «Ռիփաբլիք պլազա» անունով ընկերություն, որի բաժնետոմսերը պետք է բաց եղանակով վաճառվեն։ Դա հնարավորություն կտա ադրբեջանական ընկերություններին ձեռք բերել տրանսպորտի եւ կապի նախարարության նախկին շենքը, եւ ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ կտեղակայվի Ադրբեջանի դեսպանատունը։

Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության շենքին՝ դրա շուրջ ներկայումս զարգացումներ են ընթանում։ Դատախազությունը հայց է ներկայացրել՝ շենքը բռնագրավելու համար։ Ներկայում այնտեղ գործում են Արցախի Ազգային ժողովի կառույցները, իսկ ԱԺ նախագահը ժամանակավորապես կատարում է նաեւ Արցախի նախագահի պարտականությունները։ Ադրբեջանը սկզբունքորեն Հայաստանի իշխանությունների առջեւ խնդիր է դրել՝ բացառել, որ Արցախի իշխանությունների որեւէ մարմին կամ ներկայացուցիչ գործունեություն ծավալի: Սկզբում դրան հասնելու համար գործում էին Արցախում, հիմա՝ Հայաստանում։

-Պարո՛ն Ղազարյան, Արցախի անկախության հռչակման օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Սա ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել Արցախի հարցի համար։

-Սրանով այս իշխանությունները համարում են Արցախի հարցը փակված։ Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր լուծելու ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլեւ ամբողջ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի առանցքում հենց Արցախի հարցն էր։ Այն միջազգային հանրության անունից լիազորված միակ ձեւաչափն էր, որը միջնորդում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում։

Մինսկի խմբի հիմնական գործառնական մարմինը համանախագահությունն էր՝ կազմված ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից։ Համանախագահները մշտապես կազմակերպում էին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներ, ներկայացնում բանակցային առաջարկներ, դրանք քննարկում նաեւ Արցախի իշխանությունների հետ, այցելում Ստեփանակերտ։ Այսինքն՝ ապահովում էին բանակցային գործընթացի անմիջական ներառականություն։ Նրանց գործունեությունից դժգոհել է միայն Ադրբեջանը։

Նշեմ, որ միայն «ադրբեջանաթուրքական հեղափոխությունից» հետո Մինսկի խմբի հետ մեր հարաբերությունները սկսեցին այլ ուղղությամբ զարգանալ։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում գրեթե հանդիպումներ չեն եղել Իլհամ Ալիեւի հետ՝ համանախագահների մասնակցությամբ։ Միակ բացառությունը 2019թ. Վիեննայում կայացած հանդիպումն էր։

-Պարո՛ն Ղազարյան, Ձեր կարծիքով Արցախի էջը այլեւս փակվա՞ծ է, թե՞ իշխանափոխության դեպքում հնարավոր է հարցը նորից վերադառնա բանակցային սեղան։

-Սեպտեմբերի 1-ց մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Դեռ անդամ երկրները պետք է իրենց վերջնական դիրքորոշումը հայտնեն։ Կարող ենք հույս ունենալ, որ գուցե բարեկամ երկրներ գտնվեն, որոնք վետո կկիրառեն եւ կխափանեն այդ գործընթացը։ Եթե դա տեղի չունենա, այլեւս չի մնա որեւէ միջազգային հարթակ, որը հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ կարտահայտվի միջազգային հանրության անունից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա Հայաստանի նկատմամբ կմնա անպատասխան եւ անհետեւանք, քանի որ չի լինի միջազգային ձեւաչափ, որը կկանխի այդ զարգացումը։ Ադրբեջանն էլ հենց այդ նպատակով էր ձգտում Մինսկի խմբի լուծարման։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ




Լրահոս