Այսօր լրացավ գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության 11-րդ տարին։ 11 տարի անց էլ գյումրեցիները չունեցան այն հարցերի պատասխանը, թե ո՞վ է իրականում պատվիրատուն, ինչու՞ բնաջնջեցին այս անմեղ ընտանիքին՝ չխնայելով անգամ երկու մանկահասակ երեխաներին, ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը միայնա՞կ էր գործել, թե՞ խմբակային, ինչպես էին սպանել քնած Ավետիսյաններին, որ հարևաններն այդպես էլ չէին լսել կրակոցի ձայները ու նրանց ճիչերը։
2015 թ. հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում տեղի ունեցավ դաժան սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը։ Սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ լքելով զորամասը, լուսաբացին մուտք էր գործել Ավետիսյանների տուն ու սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Մի քանի ժամ շարունակ ռուս զինվորականներն ու հայ իրավապահները փնտրում էին ոճրագործին, որին հայտնաբերեցին կեսգիշերին մոտ՝ հայ-թուրքական սահմանի հատվածում:
Տեղում սպանվել էին՝ Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։ Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ):
Քնար Մանուկյան
























































































