Armenian text to speach

Եկեղեցական ժողով դրսում հրավիրելն աննախադեպ երևույթ չէ, կեղծ աղմուկ են բարձրացնում Եկեղեցու շուրջ․ Տեր Արարատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Դրսում Եկեղեցական ժողով հրավիրելը որոշ հոգեւորականներ, այդ թվում՝ կարգալույծ հռչակված, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ քննադատաբար ընդունեցին։

Այս հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար» Մանուկյաններ մատենադարանի եւ հրատարակչության բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի հետ։

«Եկեղեցական ժողովը մասնավոր Եկեղեցական ժողով է, որովհետեւ մենք բազմաթիվ եկեղեցական ժողովներ ունենք․ քահանայական, միաբանական։ Տվյալ դեպքում սա եպիսկոպոսական ժողով է եւ եպիսկոպոսական ժողովի հրավիրումն Ավստրիայում առանձնապես այդպիսի մեծ իրադարձության առիթ չպիտի լիներ, որովհետեւ ժողովի ոչ թե վայրն է կարեւոր, ըստ էության, այլ ժողովն ում կողմից է հրավիրվում եւ ովքեր են դրա մասնակիցները։ Այսինքն՝ ժողովի որոշումների օրինականությունը կախված է ժողովի հրավիրողներից եւ մասնակիցներից»,- ասաց Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

Քահանան նշեց՝ այս շահարկումներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել համառոտ, բայց բովանդակալից հայտարարությամբ։ Ինչո՞ւ Ավստրիայում։ Քահանան հիշեցնում է․ դա աննախադեպ երեւույթ չէ, այլ նախադեպն ունեցող երեւույթ, որի մասին եւ՛ Տեր Արարատը, եւ՛ էլի շատ քահանաներ այս օրերին բազմիցս ասել են։

«Տեղի ունեցող բռնաճնշումները, հոգեւորականների ապօրինաբար կալանավորումը, այս քաղաքականության սաստակացումն առիթ եղավ, որպեսզի Ժողովը հետաձգվի, իսկ հետաձգումից առ այսօր տեղի ունեցող իրադարձությունների անընդհատականությունը, Եկեղեցու նկատմամբ այս բռնի ճնշումները ցույց տվեցին, որ Սուրբ Էջմիածնում հրավիրվելիք Եպիսկոպոսաց ժողովը կարող է ունենալ կաշկանդվածություն։ Մենք կարող էինք ականատես լինել տարբեր խոչընդոտների՝ տեխնիկականից մինչև բովանդակային։ Ուստի՝ Մայր Աթոռը շատ իմաստուն կերպով որոշեց, որ Ժողովը տեղի կունենա դուրսը,- ասաց Տեր Արարատը եւ, ապա հիշեցրեց,- 1956 թվականին այդ ժողովը տեղի է ունեցել Կահիրեում, դրանից ավելի վաղ՝ 1651 թվականին, նմանատիպ մի ժողով տեղի է ունեցել Երուսաղեմում, ավելին՝ 1976 թվականին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսական ժողովն իր արձանագրված, հրատարակված պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտել է, որ հաջորդ տարի Եպիսկոպոսական ժողովը պիտի տեղի ունենա Երուսաղեմում։ Այսինքն՝ դրսում եպիսկոպսական կամ որեւէ եկեղեցական ժողով գումարելը որեւէ եկեղեցու համար խնդիր չէ։ Միակ ժողովը, որ սահմանափակված է իր տեղում, այն էլ կարելիության պայմաններում, դա Ազգային Եկեղեցական Ժողովն է, որ թղթի վրա սեւով սպիտակի վրա արձանագրված է՝ Ազգային Եկեղեցական Ժողովը Կաթողիկոսի ընտրության դեպքում լինում է Սուրբ Էջմիածնում։ Միայն այդ դեպքում է հստակ, որ Սուրբ Էջմիածնում է, բայց դա էլ այնպիսի օրենք կամ արձանագրում չէ, որ հնարավոր չէ խախտել»։

Քահանան հիշեցնում է, որ պատմության ընթացքում հաճախ է եղել, երբ Աթոռանիստը Սուրբ Էջմիածնում չի հրավիրվել, երբ կաթողիկոսական ընտրությունները կազմակերպվել են տարբեր քաղաքներում։ Նմնա ժողովներում ընդունված որոշումներն ու կաթողիկոսական ընտրությունը երբեք չի եղել վիճարկման խնդիր։
Անդրադառնալով նմանատիպ Ժողովների պարբերականությանը՝ քահանան շեշտեց, որ դեռեւս վաղ եկեղեցում արձանագրված է, որ Եպիսկոպոսական ժողովները գումարվեն տարեկան երկու անգամ, սակայն քահանայի խոսքով, տեխնիկական եւ բովանդակային առումով դժվարություններ են առաջանում եւ երբեմն հնարավոր չի լինում այն կազմակերպել։ Վերադառնալով մերօրյա ժամանակներ՝ քահանան ընդգծեց․

«Մեր օրերում նույնպես կտեսնեք՝ արձանագրված է, որ գոնե տարին մեկ անգամ անել Եպիսկոպոսական ժողով։ Ես նշեմ մեկ փաստ․ անցյալ տարի վերջին 50 տարվա մեջ 1950-ականներից մինչ 90-ականների վերջ տեղի է ունեցել ընդամենը մի քանի Եպիսկոպոսական ժողովներ։ Հինգ եպիսկոպսական ժողով՝ 1956 թվականին, 1969թ․ 1976թ․ 1991թ․ 1998 թվականին։ Հիսուն տարվա մեջ հինգ Եպիսկոպսաական ժողով։ Եկեղեցու կյանքում ժողովական կյանքի պակաս չկա, դրանք գրեթե ամենշաբաթյա բնույթ են կրում՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր մասնակիցներով։ Եկեղեցու կյանքը կառավարվում է, կարող ենք ասել, եկեղեցական ժողովներով, բայց, եթե գալիս ենք զուտ եպիսկոպոսական ժողովներին, այո՛, ցանկութուններ արձանագրվել են, որոշումներ եղել են՝ մեկ տարին, երկու տարին մեկ իրականացնել, բայց այլ է բարի ցանկությունները, այլ է դրանք իրականացնելը»։

Տեր Արարատը հիշեցնում է, որ 50 տարվա ընթացքում տեղի է ունեցել 5 Եպիսկոպոսական ժողով, որը միջինացնելու դեպքում ստացվում է տասը տարվա մեջ մեկ Եպիսկոպոսական Ժողով է գումարվել։

«Վեհափառ Հայրապետի ժամանակ միայն 2013-2014 տեղի են ունեցել իրար հաջորդող Եպիսկոպսական ժողովներ, որոնք իրենց մասնակիցների կազմով եղել են բացառիկ։ Այս ժողովներին մասնակցել են մեր եկեղեցու նվիրապետության բոլոր գահակալներն՝ իրենց միաբան եպիսկոպոսներով։ Էլ չենք խոսում, որ Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին բազմաթիվ տեղական եպիսկոպսական ժողովներ են եղել, այսինքն՝ Հայաստանի եւ ներքին սփյուռքի նաեւ այլ Եպիսկոպսական ժողովներ։ Էլ չենք խոսում Գերագույն հոգեւոր խորհուրդի ժողովների տարվա մեջ բազմիցս անելու, միաբանական ժողովների, որ պարբերաբար արվում է։
Այսինքն՝ այս ամենը պարզապես շահարկվում է կեղծ աղմուկ Սուրբ Եկեղեցու շուրջ, Սուրբ Էջմիածնի շուրջ, եւ սրանք պիտի իրենց գնահատականը գտնեն եւ գտնում են»,- ասաց Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս