Լուրերը, թե ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները ագրեսիվ են տրամադրված պաշտպանական կողմի հանդեպ և խոչընդոտում են դատական նիստերի բնականոն ընթացքին, չեն համապատասխանում իրականությանը:
Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը` միաժամանակ նշելով, որ Լյուքս Ստեփանյանի հարազատների անհանգիստ վիճակը պետք է ճիշտ գնահատել` հաշվի առնելով նրանց` հոգեպես ճնշված լինելը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:
Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:
«Ստեփանյանների ագրեսիան ոչ մեկին կոնկրետ ուղղված չէ: Դա նրանց վշտի արտահայտումն է: Ուրիշ մեկնաբանություն լինել չի կարող: Այսօրվա նիստին տուժողի հայրն ընդամենը մոտեցավ փաստաբանին, ով ցույց էր տալիս Լյուքսի դիրքերը նկարներով: Մայրն էլ սկսեց այդ պահին լաց լինել, տուժողի հայրն էլ միայն դրա համար մոտեցավ փաստաբանին, ասաց` խնդրում եմ շատ ցույց մի տուր, կինս շատ վատ վիճակում է»,- պատմեց պաշտպանը` հավելելով, որ որևէ ագրեսիվություն պաշտպանական կողմի նկատմամբ չի եղել:
Փաստաբան Արմեն Սարգսյանն ասաց նաև, որ դատարանը Լյուքս Ստեփանյանի հոր` Իշխան Ստեփանյանի նկատմամբ սանկցիա կիրառեց, քանի որ այն ժամանակ, երբ կարգադրիչները մոտեցել են Ստեփանյանին, քաշքշուկ է ստեղծվել, և դրանից խախտվել է դատական նիստի բնականոն ընթացքը:
«Նրանք որևէ մեկի հանդեպ ագրեսիվ տրամադրվելու խնդիր չունեն: Միայն խնդրում են արդարացի պատիժ լինի: Իմ գնահատմամբ էլ դա խթանիչ դեր կունենա մյուս զինծառայողների համար, որպեսզի այսպիսի դեպքերը գոնե նվազագույնի հասցվեն: Իհարկե դատական նիստեր եղել են, երբ խաթարվել են, բայց վերջին դատական նիստերը բնականոն ընթանում են, և դա նկատում է նաև պաշտպանական կողմը»,- շարունակելով խոսքն` ասաց պաշտպանը:
Տեղեկացնենք, որ այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարությունը: Նիստի ժամանակ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ընդունել է Լյուքս Ստեփանյանի դիրքերը` հասկանալի մանրամասներ ստանալու համար, ինչի ժամանակ էլ տուժողի իրավահաջորդ Իշխան Ստեփանյանը բորբոքվել է:
Տաթև Հարությունյան