Եթե կորցնես երկիրդ, կկորցնես ամեն ինչդ. Լալա Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանը վերջերս է վերադարձել Չեխիայից, որտեղ ներկայացրել է Կարել Չապեկի «Մայրը» դրաման: Սիրված դերասանուհին մարմնավորում է մոր կերպարը ու նաև ներկայացման բեմադրիչն է, իսկ որդիների դերերը կատարում են Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականի փետրվարին:

-Երբ ձեռնամուխ եղա այս գործի իրականացմանը, իմ նպատակներից մեկն էլ իմանալն էր, թե ինչ են մեզ մոտ սովորել ուսանողները, ինչի են հասել: Եվ պարզվեց, որ նրանք բավականին լուրջ աշխատանք կատարեցին, և Չեխիայում ու Բրեստում նույնիսկ չէին հավատում, որ ուսանողներ են: Ամենակարևորն այն է, որ ներկայացումը բեմադրելիս հասկացել եմ, թե ինչ եմ ուզում անել և ուր եմ ուզում գնալ: Մինչ Չեխիա գնալը ներկայացումը բեմադրել ենք Բրեստի միջազգային փառատոնում, շահել հանդիսատեսի համակրանքը:

-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Չեխիայում:

-Ես առանց որևէ ակնկալիքի վատ նկարած DVD եմ տվել, որպեսզի տանեն նայեն: Դրանից մեկ ամիս հետո՝ սեպտեմբերին,  զանգեցին Չեխիայում ՀՀ դեսպանատնից, ասացին, որ հիացել են ներկայացումով և հրավիրեցին այն խաղալ նաև Չեխիայում: Մինչև ապրիլ աշխատեցինք, որպեսզի կարողանանք խումբը մի քանի օրով տանել Պրահա: Մեզ աջակցել են Մշակույթի նախարարությունը, ինստիտուտը, դեսպանատունը և, իհարկե, չեխական կողմը: Խաղացինք ապրիլի 7-ին և 8-ին… Չեմ ուզում շատ մանրամասներ պատմել, միայն նշեմ, որ հարգարժան հյուրեր կային, թատերագետները բարձր գնահատական տվեցին ներկայացմանը, իսկ երբ դուրս եկա ճեմասրահ, հանդիսատեսը սպասում էր ինձ և դիմավորեց ծափողջույններով:

Չեխերն ասում էին, որ իրենք շատ սառը ժողովուրդ են, բայց մենք իրենց ստիպել ենք մի քանի անգամ արտասվել: Ի դեպ, մի կին նաև ասաց, որ ես ավելի լավ էի խաղում, քան հենց ԿարելՉապեկի կինը, ով ժամանակին ամուսնու դրամայում նույնպես մարմնավորել էր մոր կերպարը:

-Հայկական համայնքի հետ հանդիպումներ եղա՞ն:

-Այնտեղ համայնքը մեծ չէ, և ներկայացումը նրանց համախմբեց: Երևելի մարդիկ, նաև բարերարներ եկան, ովքեր մեզ շատ օգնեցին:

-Ներկայացման ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

-Մի ցավալի հարց կա. բոլոր տղաներն արդեն զորակոչային տարիքի են, բանակ պետք է գնան, և եթե կարողանան համատեղել…Դիմել ենք պաշտպանության նախարարին, որ աջակցի, բայց դեռևս պատասխան չկա: Որոշել ենք ամեն մի ներկայացում նվիրել որևէ ազատամարտիկի, ինչպես նաև ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հիշատակին, ով նույնպես մասնակցել է ազատամարտին: Մեր ներկայացումը կարող է զինվորների  մարտունակության ոգին բարձրացնել, այն քարոզում է հայրենասիրություն, մարդասիրություն, առաքինություն, արժանապատվություն:

-Ինչի՞ մասին է դրաման:

-Մայրն իր որդիներին իրար հետևից կորցնում է. նրանք զոհվում են, մնում է վերջին որդին, ով նույնպես որոշում է գնալ հայրենիքը պաշտպանելու: Եվ մայրը կանգնում է երկընտրանքի առաջ. միմյանց դեմ պայքարում են մայրական սերն ու պարտքը հայրենիքի հանդեպ: Եթե կորցնես քո երկիրը, կկորցնես քո ամեն ինչը՝ անցյալը, ներկան, ապագան, բայց ինչպե՞ս հավանական մահվան ուղարկես քո վերջին, արդեն միակ զավակին:

-Ձեր ներկայացումը արտերկրում լավ արձագանքների է արժանացել ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև մասնագետների կողմից, այսինքն՝ հայ թատրոնն ընդունվում, գնահատվում է դրսում, մինչդեռ մեզ մոտ անցյալ տարի թատերական բնագավառում պետական մրցանակ չշնորհվեց:

-Ես հանձնաժողովին էի ներկայացրել իմ այս դերակատարումը, բայց պարզվեց, որ «շատ լավ» կոլեգաներ ունեմ: Ընդ որում, հանձնաժողովի 9 անդամերից ընտրությանը մասնակցել էին միայն 4-ը, ովքեր էլ որոշեցին ներկայացված աշխատանքների ճակատագիրը: Մի խոսքով՝ վերաբերմունքն, այսպես ասած, «պտիչկային» էր:

Հարցազրույցը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ




Լրահոս