Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ մայիսի 28-ին Պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր զորահանդես։ Իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ միջոցառման ընթացքում ցուցադրվել են բացառապես 2022 թվականից հետո ձեռք բերված զինատեսակները, իսկ զորահանդեսը ներկայացվել է որպես հաշվետվություն քաղաքացիներին։
Սակայն հանրային դաշտում հնչում են այլ գնահատականներ։ Մասնավորապես, կա կարծիք, որ զորահանդեսը կարող է ունենալ նաև քաղաքական ենթատեքստ և մաս կազմել նախընտրական գործընթացների։ Քննադատների կարծիքով՝ նման զինտեխնիկայի ցուցադրությունը կարող էր ավելի նպատակահարմար լինել անցկացնել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, և ոչ մայիսի 28-ին՝ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում։
Հարցեր են բարձրացվել նաև ցուցադրված զինատեսակների անվանումների վերաբերյալ։ Մի շարք արտասահմանյան արտադրության համակարգեր ներկայացվել են հայկական անվանումներով․ օրինակ՝ հնդկական «Ակաշ» զենիթահրթիռային համալիրը ներկայացվել է «Լուսան» անվամբ, «Մարգ» համակարգը՝ «Միհր», ֆրանսիական «Կայզեր»-ը՝ «Արամազդ», իսկ հնդկական «Պինակա» համակարգերը՝ «Շանթ» անվամբ։
Ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ Հայկ Նահապետյանը նշում է, որ նման մոտեցումները որոշակի հարցեր են առաջացնում ներկայացման տրամաբանության շուրջ։
Նաև ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ զորահանդեսում չեն ցուցադրվել ժամանակակից պատերազմներում լայն կիրառություն ունեցող թևավոր հրթիռները և մի շարք հարձակողական նշանակության զինատեսակներ, որոնք նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի և ամրությունների ոչնչացման համար։
Իշխանության պնդմամբ՝ ցուցադրվել են միայն 2022 թվականից հետո ձեռք բերված զինատեսակները, սակայն որոշ դիտարկումների համաձայն՝ ներկայացվել են նաև ավելի վաղ ձեռք բերված և 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված զինատեսակներ։ Այդ համատեքստում հարցեր են հնչում նաև ռուսական արտադրության որոշ զենքերի՝ օրինակ «Իսկանդեր»-ի և «Սմերչ»-ի չցուցադրման վերաբերյալ։
Զորահանդեսին, մասնավորապես, ցուցադրվել են «Մառախուղ» համալիրը, «Գայլ» ռոբոտները, ֆրանսիական «Բաստիոն» զրահապատ մեքենաները, ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգը, «Սարդ» համալիրը, հայկական արտադրության «Ատլանտ» համակարգը, «Նիզակ» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները, «Արսենալ» ընկերության արտադրած 120 մմ «Սևան» ականանետները, 122 մմ Դ-30 հաուբիցները, ինչպես նաև հայրենական արտադրության հետախուզահարվածային ԱԹՍ-ներ և «Աղեղ» ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։
Զորահանդեսն առանձնացավ նաև նրանով, որ այն անցկացվեց առանց Վեհափառ Հայրապետի հոգևոր առաջնորդության։
Արդյոք Պաշտպանության նախարարությունը հրավեր ուղարկել էր Վեհափառ Հայրապետին, ինչու զորահանդեսում չեն ցուցադրվել հարձակողական նշանակության որոշ զինատեսակներ, և ինչու արտասահմանյան արտադրության համակարգերը ներկայացվել են հայկական անվանումներով։ Այս հարցերի պատասխաններն ստանալու համար ՀՀ ՊՆ-ն հորդորեց մեզ գրավոր նամակ ուղարկել։
Նկարը գեներացել է արհեստական բանականության կոզմից։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























