Armenian text to speach

Իսրայելը մեկ օրում հարվածել է Լիբանանի 42 բնակավայրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 2-ին զանգվածային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին՝ թիրախավորելով 42 բնակավայր։ Այս մասին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է Իսրայելի կողմից իրականացված ընդհանուր 76 հարձակում։ Դրանցից 42-ը եղել են ավիահարվածներ, 14-ը՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներ, 19-ը՝ հրետակոծություններ, իսկ մեկ դեպքով իրականացվել է պայթեցում։

Առավել ինտենսիվ հարվածների են ենթարկվել Նաբաթիայի, Տյուրի, Մարջայունի և Բինթ Ջբեյլի շրջանները։ Իսրայելական ավիացիան թիրախավորել է Յահմար աշ-Շքիֆ, Շուքեյն, Արզուն, Բլատ, Դիբբին, Հարիս, Քֆար Ռեմման, Տուլին, Հարուֆ, Մեյֆդուն, Շհուր և մի շարք այլ բնակավայրեր։ Անօդաչու սարքերի հարվածներ են հասցվել նաև Նաբաթիայի, Զաուտայի, Արքիի, Ջվայայի և Բուրջ Ռահհալի շրջաններին։

Միաժամանակ «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ նույն ժամանակահատվածում իրականացրել է 41 հարձակում իսրայելական ռազմական օբյեկտների, տեխնիկայի և զինծառայողների դեմ՝ Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսում։

Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Լիբանանի դեսպանությունը Վաշինգտոնում հայտարարել է, որ «Հեզբոլլահը» համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած փոխադարձ հրադադարի տարբերակին։ Ըստ առաջարկի՝ Իսրայելը պետք է դադարեցնի հարվածները Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, իսկ «Հեզբոլլահը»՝ հրաժարվի Իսրայելի տարածքի դեմ հարձակումներից։

Նշվում է, որ հունիսի 2-3-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ անցկացվում է Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների հերթական փուլը։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս