Թուրքիայի Ստամբուլ քաղաքում իրականացված հակաթմրանյութային լայնածավալ գործողության շրջանակում ձերբակալվել են ավելի քան 20 հայտնի անձինք, այդ թվում՝ «Հոյակապ դար» սերիալի դերասանուհի Բերեն Սաաթն և 1999 թվականի «Միսս Թուրքիա» տիտղոսակիր Այշե Հաթուն Օնալը։
Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 22 հայտնի անձ, ևս երեքը հետախուզվում են։ Բոլոր ձերբակալվածներից վերցվել են արյան և մազերի նմուշներ՝ թմրանյութերի օգտագործման փաստը պարզելու նպատակով։
Ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև հայտնի երգիչ Քենան Դողուլուն ու նրա եղբայրը՝ կոմպոզիտոր Օզան Դողուլուն, որը նախկինում համագործակցել է Տարկանի հետ։
Թուրքիայում նմանատիպ գործողություններ իրականացվում են 2025 թվականի հոկտեմբերից։ Վերջին ամիսներին իրավապահները պարբերաբար ստուգումների են ենթարկել դերասանների, երաժիշտների, գործարարների և սպորտային գործիչների։
Նախկինում թմրանյութերի օգտագործման կասկածանքով ստուգվել են նաև գործարարներ Հաքան Սաբանջին ու Քերիմ Սաբանջին, ինչպես նաև Գալաթասարայ ակումբի նախկին նախագահ Բուրաք Էլմասը և «Դուռս թակիր» սերիալի աստղ Հանդե Էրչելն։
Ստամբուլի գլխավոր դատախազության տվյալներով՝ այս տարվա ապրիլին հրապարակված ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ հետազոտված հայտնիների շուրջ 77 տոկոսի մոտ թմրանյութերի օգտագործման հետքեր են հայտնաբերվել։
Նշվում է, որ քննությունը շարունակվում է, իսկ իրավապահները փորձում են պարզել հնարավոր կապերը թմրանյութերի մատակարարման և տարածման ցանցերի հետ։
Ա․ Վարդանյան




























